Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նշույլ: Նա խոսում էր արտիստի տառապող հոգու թելադրությամբ: Այդ վայրկյաններին նա մի տեսակ Լևոն էր իմ աչքում «Արտիստ»-ի Լևոնը։ Ես ուրախ էի, հպարտ, որ այդքան հավատ էի ներշնչել այդ օտարազգի աղջկան։ Այդ հավատն ինձ համար բյուր անգամ ավելի թանկ էր, քան եթե նա փաթաթվեր իմ պարանոցին և իր սերն արտահայտեր։ Ահա ինչու այդ պահին ես խոսք տվեցի ինձ` երբեք չխախտել նրա մեջ այդ հավատը։

Վերջապես, ես ուշքս ժողովեցի, մոտեցա նրան, թույլ տվեցի ինձ գրկել նրա գեղեցիկ գլուխը և համբուրել։ Նա ինձ ընդդիմադրեց, ընդհակառակն ամուր սեղմեց իմ ձեռը բուռն բարեկամական երախտագիտությամբ։

Այդ օրից մենք տեսնվում էինք ավելի հաճախ։ Ճաշից հետո, երեկոները, երբ ծերուհին պառկում էր քնելու իր սենյակում, ես գնում էի Ժաննետի սենյակը իր ցանկությամբ, և մինչև ուշ գիշեր զրույց էինք անում արվեստների և գրականության մասին։ Նա բավականաչափ կարդացել էր, համենայն դեպս ֆրանսիական հին ու նոր գրականությանը ծանոթացել էր լիովին։ Մերթ ընդ մերթ մեր զրույցներն ընդհատվում էին փոխադարձ համբույրներով, որոնք իմ խղճի վրա ոչ մի արատ չեն թողել, վասնզի մաքուր էին, և այսօր ես այդ զմայլելի երեկոները մտաբերում եմ մի տեսակ հաճելի թախիծով, նաև հպարտությամբ։ Նրանք իմ անցյալի երագներից մեկն էին, լավագույն երազներից։

Ութ տարի անցած մի բոլորովին տարբեր բովանդակությամբ երկ գրելիս, հանկարծ անդրադարձա այդ երազին։ Ընթերցողը, եթե հետաքրքրվում է, թող կարդա «Ալինա» վիպակի վերջին էջը, միայն վերջինը...

Ժաննետան ավարտեց իմ կերպանկարը և միայն այն ժամանակ թույլ տվեց ինձ նրան նայելու։ Չգիտեմ այդ գործը մի ուրիչի աչքում կարո՞ղ էր ունենալ գեղարվեստական արժեք, բայց չվարանեցի շռայլել իմ գովասանքները, որովհետև գործը Ժաննետինն էր, ուրեմն և անքննադատելի ինձ համար։

— Թույլ տվեք, որ այս պատկերը մնա ինձ մոտ որպես հիշատակ մեր բարեկամության,— ասաց նկարչուհին:

Ի՞նչ կարող էի ասել