Մի շաբաթ անցած նա իր հոր հետ ուղևորվեց Լիոն, իսկ մենք հետևյալ օրը վերադարձանք Փարիզ։ Հրաժեշտի օրը մենք փոխանակեցինք մեր հասցեները և խոստացանք իրարու հետ կանոնավոր թղթակցել։
Ես սպասում էի, որ առաջինը նա լինե գրողը, վախենալով մի գուցե նա զղջա, որ խոստացել է գրելու։ Ես չսխալվեցի շուտով Լիոնից ստացա մի ընդարձակ նամակ, գրված զարմանալի գրական ոճով։ նամակը տոգորված էր թախիծով և հոռետեսությամբ։ Բովանդակությունը նույնն էր— գանգատ հոր դեմ կծու խոսքերով և նկարագրությունն իր հոգեկան տվայտանքների։ Նա գրում էր, թե իր առջև տեսնում է միայն երկու ճանապարհ— կամ իր ճակատագիրը ենթարկել ծերունու համառ պահանջին ու ամուսնանալ չսիրած մարդու հետ և կամ ինքնասպանությամբ վերջ տալ իր կյանքին։ Ես նրան հիշեցրի մի երրորդ ճանապարհ` զգալով հանդերձ, որ նա մյուսներից ոչնշով ավելի դյուրին չէր, այն է բաժանվել հորից և փորձել արվեստի օգնությամբ կամ դասեր տալով պահպանել իր գոյությունը։
Մոտ երեք ամիս շարունակվեց մեր փոխադարձ նամակագրությունն ավելի ու ավելի ջերմ բարեկամական բովանդակությամբ։ Վերջապես, ես մի անգամ չստացա իմ նամակի պատասխանն ամբողջ երկու շաբաթ։ Մտածեցի միգուցե որևէ մի անզգույշ դարձվածքով վշտացրել կամ վիրավորել եմ նրան։ Գրեցի մի նոր նամակ, բացատրություն խնդրեցի, դարձյալ պատասխան չստացա։ Այդ արդեն դառն էր և վիրավորական իմ ինքնասիրության համար։
Ի՞նչ էր նշանակում այդ լռությունը:
Գաղտնիքը պարզվեց հաջորդ ամառը Զվիցերիայում:
Վերջին ձմեռն էինք անցկացնում Փարիզում։ Զանազան հանգամանքներ, առաջին հերթին, իհարկե, նյութական պակասությունը, թույլ չէին տալիս նորեն հետաձգելու մեր վերադարձը Կովկաս։ Բացի դրանից, բժիշկները խորհուրդ էին տալիս Արմենին հեռացնել Փարիզից։ նրանք ասում էին.
—Գուցե հայրենի միջավայրը բարերար ազդեցություն ունենա նրա վրա: