Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մտահոգություն էր պատճառել նրա լռությունը։ Մի օր, վերջապես, եկավ նրա հայրը, բայց ավա՜ղ, Ժաննետը չկար. նրա փոխարեն ծերունին բերել էր իր մեծ աղջկան, երկու թոռնիկների հետ։ Իմ խորին անհանգստությունը քողարկելով ծանոթի սովորական հետաքրքրությամբ, հարցրի.

— Իսկ օրիորդ Ճանե՞տը։ Նա չի գալու։

—Օրիորդ Ժաննետն այժմ տիկին Բլոնդել է,— պատասխանեց ծերունին երջանիկ ծնողի ժպիտով։

— Ուրե՜մն...— արտասանեցի ես մեքենաբար և կանգ առա, զգալով իմ հարցի մանկական անիմաստությունը։

— Այո՛, ամուսնացավ,— շեշտեց ծերունին,— կարող եք ինձ շնորհավորել։

— Իհարկե, ամբողջ հոգով։ Բայց ո՞վ և ի՞նչ գործի մարդ է ամուսինը։

— Լիոնի խոշոր ֆաբրիկանտներից մեկը։ Նրա գործարանում հազարից ավելի բանվորներ են աշխատում։

Երջանիկ հայրն ինձ ծանոթացրեց իր ավագ դստեր հետ, որ ոչ մի նմանություն չուներ Ժաննետի հետ։ Ես կկամենայի նրա հետ խոսել Ժաննետի մասին, բայց ճիշտ այդօրը պատահեց մի անախորժ դեպք։ Ահա նա.—

Մեր պանսիոնի բարի տիրուհին սովորություն ուներ կիրակի և տոն օրերին մեզ հյուրասիրել սովորական ճաշից դուրս որևէ հավելվածով։ Այս անգամ նա Ժնևից թե Լիոնից բերել էր մի անուշ խմորեղեն — մի տեսակ կարկանդակ։ Հետևյալ առավոտ լույսը չբացված, պանսիոնում սկսվեց մի անսովոր աղմուկ և իրարանցում։ Ենթադրելով, որ հրդեհ է ծագել, ես շտապեցի մերոնց արթնացնել և շուտով հագնվել։ Կինս դուրս վազեց և, իսկույն վերադառնալով, ասաց`

— Ասում են ամբողջ պանսիոնը թունավորվել է։

— Եվ ես,— արտասանեցի ես, նույն վայրկյանին սիրտս խառնվեց, գլուխս պտտվեց ու թուլացած ընկա անկողնակալիս վրա։

Անմիջապես հեռախոսվեց Ժնև։ Մի ժամ չանցած այնտեղից եկավ շրջանի բժիշկն անհրաժեշտ դեղերով, հետն էլ մի կաթոլիկ քահանա։ Պարզվեց, որ թունավորումն առաջացել է երեկվա կարկանդակից, որովհետև թունավորվել էին նրանք