Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես այդ հույսը չունեի, բայց ճիշտ է, որ ասում են, թե ծովում խեղդվողը օձին էլ է փաթաթվում։

Մի օր «Մշակ» լրագրում կարդացի իմ երեսնամյա գրական գործունեության մասին մի հոդված, որքան հիշում եմ, Ալեքսանդր Աբելյանի ստորագրությամբ։ Հեղինակն առաջարկում էր հասարակությանը` տոնել իմ հոբելյանը։ «Մշակ»-ը թշնամաբար չէր վերաբերվել առաջարկին։ Դա անսպասելի էր ինձ համար, աչքի առջև ունենալով, որ դեռ Արծրունու օրերից այդ լրագիրը բարեկամական զգացմունքներ չէր ունեցել իմ վերաբերմամբ։

Ինձ համար այդ ուշադրությունը, իհարկե, ուներ որոշ արժեք, բայց լավ գիտենալով, թե ինչ ողորմելի բան է հայ գրողի հոբելանը այն ժամանակվա մթնոլորտում և հիշելով ռուս հայտնի բելետրիստ Դլեբ Ուսպենսկու սրամիտ խոսքը` юбилеи, это мавзолей, ես պատրաստ էի հրապարակորեն հրաժարվել հոբելարի պատվից. և կհրաժարվեի, եթե համոզված լինեի, որ իմ համեստությունը կհամարվի անկեղծ։ Բացի դրանից, չէ՞ որ հիվանդ որդուս խնամելը որոշ նյութական զոհաբերություն էր պահանջում ինձնից... Ես բարվոք համարեցի լռել և թողնել, որ գործն ընթանա իր բնական ճամփով, առանց իմ միջամտության։

Հրաժեշտիս առիթով Փարիզի հայ մտավորականների մի խումբ ինձ պատվեց մի ճաշկերույթով, չեմ հիշում որ հյուրանոցում։

Ես աշխատում էի վերջին ամիսները Փարիզում անցկացնել հնարավորին չափ օգտավետ։ Ի՞նչ կարող էր լինել ավելի իմաստալի, քան թանգարաններում թափառելը։ Օր չէր անցնում, որ ես չայցելեի նրանցից որևէ մեկը: Այդտեղ, արտաքին աշխարհից կտրված, իմ հայրական անբուժելի վիշտը մի տեսակ սփոփանք էր գտնում, և ես կարողանում էի գեթ ժամանակավորապես հաղթահարել իմ հոգու կսկիծը իմ մտքի լարված գործողությամբ։

Որոշեցինք նախքան Կովկաս ուղևորվելը մի անգամ ևս գնալ Զվիցերիա, և ահա հաջորդ ամառվա կեսին դարձյալ կանտոն Դը-Վռումն էինք կ նույն պանսիոնում: Ես հույս ունեի այնտեղ հանդիպելու իմ նկարչուհուն. ինձ մեծ