մշտական առարկան էինք։ Նա վրդովվում էր, երբ մեկն ասում էր, թե այդ մարդիկ հայոց լեզվի պաշտպաններն են։ Նա հարձակվում էր նույնպես և այն մարդկանց վրա, որոնք, հանուն հայկաբանության, հալածում են ամեն մի նորամուծություն հայոց կենդանի աշխարհաբարի մեջ։
— Այդ ողորմելիների համոզմունքով, կարծես հայոց լեզուն կարող է ժամանակակից ուղղությամբ զարգանալ բոլորովին բացառիկ կերպով։ Կարծես նա չպիտի ենթարկվի առաջադիմության այն անխուսափելի օրենքներին, որոնց ենթարկվել են բոլոր ազգերի լեզուները։ Սամովարը անպայման պետք է դարձնել ինքնաեռ, սիգարը — գլանակ, տելեֆոնը— հեռախոս, ֆոնոգրաֆը— ձայնախոս։ Զզվում եմ այդ տեսակ պեդանտներից։
Նա ատելով ատում էր այն գրագետներին, որոնք կարծում են, թե որքան շատ գրաբար բառեր գործածեն, այնքան լավ է։
— Գրաբար բառեր գործածելը հեշտ է, բայց մարդ պետք է ճաշակ ունենա նրանց ընտրելու համար, պետք է երաժշտական լսողություն ունենա, որ ըմբռնի, ո՛ր բառը որտե՛ղ կարող է քաղցր հնչել և որտե ղ անախորժ։ Այս կողմից ինձ համար ատելի են մանավանդ մի քանի թարգմանիչներ։ Անցյալ օրը ձեռքս վերցրի թերթելու մանկավարժ Փիլիպոս Վարդանյանի մի նոր թարգմանած գիրքը։ Այդ մարդը աշխպտասեր է, է՛հ, նա էլ ուզում է օգնած լինի հայոց գրականությանը։ Իհարկե, շատ շնորհակալ ենք։ Բայց գիտեք, նա ինձ ինչ է հիշեցնում.— գյուղից քաղաք տեղափոխված և շուտով հարստացած մի վաճառականի։ Նրա կոշիկները եվրոպական են, արխալուղը ասիական, իսկ գտակը ոչ այս, ոչ այն։ Նրա սևացած և կոշտ մատները զարդարված են ադամանդյա մատանիներով։ Ինչպես երևում է, մանկությունից հպյերեն լեզուն նրա համար խորթ է եղել։ Հետո սկսել է հայերեն սովորել և հանկարծ ընկել է գրաբարի աշխարհը և այժմ ինչ որ գրաբար բառեր գիտե, խցկում է ամեն տեղ։ Երբ կարդում եմ նրա թարգմանությունները, ինձ թվում է, որ ատամներովս ավազ եմ ծամում։ Երևա՚կայեցեք այն բանաստեղծի դրությունը, որի երկերը ավազոտ լեզվով են