Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

IV

ԾՈՎԻ ՎՐԱ

Հետևյալ օրը երեկոյան բարձրացա շոգենավ։ Եղանակը հանգիստ էր, ծովը՝ խաղաղ։ Բայց երկինքն ամպամած էր, ոչ մի աստղ չէր երևում։ Նավաստիները երգելով ու կատակներ անելով վերջին պատրաստություններն էին տեսնում. մի մասն զբաղված էր գինու տակառները երկաթյա բառնիչով վեր բարձրացնելով և նավի ամբարանոցն իջեցնելով, մյուս մասը տախտակամածն էր լվանում։ Ամենքն ուրախ էին ու զվարթ, որ նավագնացությունը, վերջապես, բացվել է, իսկ ամենից ավելի՝ ես։ Մերթ ընդ մերթ լսվում էին կոպիտ դարձվածքներ, գոռում-գոչյուններ, փողոցային հիշոցներ, բայց այդ բոլորը կատակի ձևով։ Երկու նավաստիներ թևերից բռնած բարձրացրին մի երրորդին, որ հարբած էր ու ճիգ էր անում ազատվել ու փախչել։ Հանկարծ բարձրացավ միահամուռ մի քրքիջ․ բառնիչն օդն էր բարձրացրել մի ուղտ։ Նրա ծուռ ոտներն ու երկայն վիզը, խաչաձև միանալով, մի քանի վայրկյան նկարվեցին մոխրագույն երկնակամարի վրա, մի ակնթարթ կանգ առան, ապա վար իջան և անհետացան նավի խորքում։ Նրա ետևից երկրորդը, երրորդը, չորրորդը։ Մեկի գլուխն ուժգին զարկվեց լյուկի երկաթե դռնակին, և թշվառ կենդանին խուլ բառաչելով՝ գնաց իր վիճակը ողբալու ընկերների մոտ։ Ինչո՛ւ էին հրակեզ անապատների ապաբախտ աշխատավորներին տանում հյուսիսի սառնամանիքները — չգիտեմ, գուցե կենդանաբանական պարտեզները զարդարելու համար։

Նավապետն իր կամուրջի բարձունքից արձակում էր խրոխտ հրամաններ այն առնական բիրտ ձայնով, որ միայն ծովային մարդկանց է հատուկ և որ փոթորկալի տարերքների հնչյունն է կրում իր մեջ։

Ես վարից վեր դիտում էի նրա կերպարանքը։ Նա լուսավորվում էր կայմից կախված մեծ լապտերի նարնջագույն լույսով։ Դա միջին տարիքի մի տղամարդ էր՝ լայն թիկունքով և աղեղնաձև ոտներով։ Նրա արևից կիզված և