Հազիվ երկու ամիս ծառայել էի, երբ վարիչը մի օր հանկարծ ինձ հարցրեց.
— Քանի՞ տարեկան եք։
— Տասն և ինը։
— Ծովով երբևէ ճամփորդե՞լ եք։
— Երբեք։
— Կարո՞ղ եք ճամփորդել։
— Ինչու՞ չէ։
— Ուրեմն պատրաստվեցեք։ Վոլգա գետի վրա սառույցը կոտրվել է։ Վաղն առաջին նավը գնում է Հաշտարխան։ Դուք պիտի երթաք այդ նավով։
— Բայց ինչու՞ համար,— հետաքրքրվեցի ես, առժամանակ ուրախությունս զսպելով։
— Դուք պետք է մեր հանքերի համար գնեք փայտեղեն և չորս ձի։ Գիտեմ, դուք առևտուրի մեջ անփորձ եք, բայց փույթ չէ, ձեզ կօգնի իմ բարեկամներից մեկը, որի անունով ես ձեզ կտամ մի նամակ։
Ահա թե ինչ. ուրեմն երազս, վերջապես, իրականանում է, ես պիտի ճամփորդեմ ծովով, նոր երկիրներ տեսնեմ։ Երբեք, երբեք այդպիսի երջանիկ օր չէի ապրել։ Ուրախությունիցս չգիտեմ ինչ շարժումներ արի, բայց պետք է դեմքս կոմիկական լիներ այդ պահին, քանի որ լրջախոհ լեհը ծիծաղեց բարձրաձայն։
Շտապեցի տուն՝ ուրախալի լուրը Մարիամ մորաքրոջս հայտնելու։ Փողոցներում ում հանդիպում էի, հաղորդում էի ցնծությունս։ Ոմանք փորձեցին սառը ջուր ածել իմ բորբոքված երևակայության վրա՝ ասելով, թե ծովը մարտ ամսին վտանգավոր է, և թե ես կարող եմ նավի հետ միասին ծովի երեսից ծովի տակը գնալ։ Բայց ի՞նչ փույթ, ես պատրաստ էի շուտով կործանվել, քան հրաժարվել մի այդպիսի ճամփորդությունից։