Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
***

Աննման էր Խրիմյան Հայրիկի արտաքինը։ Եթե Ադամյանի միայն գլուխն էր գեղեցիկ, Խրիմյանը ոտքից մինչև գլուխ մարմնացած գեղեցկություն էր և առնական գեղեցկություն: Ոչ մի լուսանկարով չի կարելի պատկերացնել Խրիմյանի դեմքը, մանավանդ խոշոր կապտագույն ոտչքերի արտահայտությունը։ Ցավալի է, որ չգտնվեց այնչափ տաղանդավոր նկարիչ, որ կարողանար տալ այդ աննման պատկերը։

Երբ գնացքը կանգ առավ կայարանում, և Խրիմյանը դուրս եկավ պլատֆորմի վրա, բոլոր ներկա եղողները միաժամանակ շշնջացին։

— Ի՜նչ վեհ կերպարանք։

Նա ամբողջ գլխով բարձր էր իր շրջապատողներից։ Արծվաքիթ էր նա, հպարտ գծավորված դեմքով։ Չկար նրա այտերի վրա եպիսկոպոսներին հատուկ կարմրությունը։ Միապաղաղ էր նրա դեմքի գույնը և ճերմակ։ Մի բան միայն փչացնում էր այդ դեմքի գեղեցկությունը` ծխախոտի դեղնագույն հետքը ընչացքի վրա։

***

Խրիմյանը կաթողիկոսացու չէր, զուր ընտրեցինք նրան,— ասում էին Հայրիկի բարեկամները։

— Տեսա՞ք, որ սխալվեցիք, ասում էինք, ասում էինք,— չարախնդությամբ աղաղակում էին Հայրիկի նախկին և նոր հակառակորդները։

Այո, բոլորովին ճիշտ է, Խրիմյանը Կաթողիկոս չէր, այն իմաստով, ինչ որ պահանջում էին ժամանակն ու հանգամանքները։ Նա ռուս կառավարության նենգամտության դեմ պայքարելու համար չէր ծնված և ոչ էլ էջմիածնի անխուսափելի բանսարկությունների հետ կռվելու համար։ Նրա մաքուր հոգին գարշում էր և՛ նենգամտությունից, և բանսարկությունից։ Եսկ երբ գարշում ես մի թշնամուց, չես կռվում նրա հետ, այլ արհամարհում ես, վասնզի կռվելու համար պետք է դիմես հավասար զենքի: Խրիմյանը չէր ուզում այդ զենքն իր ձեռքն առնել։ Նա Ներսես Աշտարակցի չէր։