Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նայեցեք այդ երկու բացառիկ դեմքերի պատկերներն և տեսեք ինչ ահագին տարբերություն կա նրանց մեջ։

Խրիմյանը արհամարհում էր իր շրջապատող հանգամանքները և այն միջավայրը, ուր ձգել էր նրան ճակատագիրը։ Միևնույն ժամանակ նա և՛ տառապում էրիր հոգու խորքում։ Այդ հայտնի էր միայն այն մարդկանց, որոնք գիտեին նրա պարզ խոսքերի ետին իմաստն հասկանալ և նրա պայծառ դեմքի վրա կարդալ նրա ներքին վիշտը։

Խրիմյանը իր ժամանակից դուրս էր, չեմ ասում վեր կամ վար, այլ դուրս։ Նա ուրիշ աշխարհի և ուրիշ շրջանի մարդ էր: Քրիստոսի ժանամակ նա կլիներ մեկը նրա առաքյալներից, Սոկրատի շրջանում նա կլիներ փիլիսոփա։ Նրա միակ զենքն էր իր հոգին, իր միտքը, իր հեզությունը և ներողամտությունը։

Ահ գիտեմ, այս տողերը կարդալիս կան մարդիկ, որ պիտի ժպաին հիշելով Խրիմյանի այն վայրկյանները, երբ նա վրդովվում էր, բորբոքվում և անիծում մեկին ու մյուսին։ Բայց արդյոք երկա՞ր էր տևում այդ։ Անմիջապես նրա փրդովմունքին չէ՞ր հետևում մեղմ մարդասիրական ժպիտը և նրա անեծքին` օրհնությունը։ Համաձայն եմ, որ նա շատ ուներ տկարություններ իբրև իշխանավոր, բայց չէ՞ որ միևնույն ժամանակ ուներ և արժանավորություններ իրրև Մեծ Մարդ։ Կաթողիկոսը մեքենա է, մարդը գերիշխան։

Խրիմյանը վախճանվեց ութսունյոթ տարեկան հասակում: Զարհուրելի է ամբոխի հոգեբանությունը։ Այդ եզական մարդու մահն այնքան վիշտ չպատճառեց, որքան նրա Կաթողիկոս ընտրվիլը` ուրախություն։