Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շոգենավը կանգ առավ Դերբենտի առջև, ափից հեռու։ Ռեալական դպրոցի աշակերտներն անզոր ատելությամբ լի մի հայացք գցեցին Եղուշի վրա, վերցրին իրենց իրերը և իջան նավից։ Եղուշը նրանց գրպանում մակույկի վարձն էլ չէր թողել։

Ես մի մակույկ վարձելով գնացի դիտելու փոքրիկ քաղաքը, որ Արևելքի դուռ է կոչվում։ Հետաքրքիր ոչինչ չտեսա։ Երբ վերադարձա շոգենավ, հանդիպեցի երկու նոր ճամփորդների. երկուսն էլ ազգով հայ էին, թեև լեզգու հագուստով։

Դա վերին աստիճանի զբաղեցուցիչ մի զույգ էր։ Այսօր էլ նա կենդանի է իմ աչքերի առջև։ Մեկը փոքրահասակ էր, խոժոռած, բարկացած դեմքով և թանձր ու երկայն մորուքով, որ հասնում էր մինչև նրա պորտը։ Երկայն ու լայն չուխայի տակ մեջքին կապած էր արծաթապատ պատյանով մի լայնաբերան դաշույն, որի սիսեռաձև ծայրը քիչ էր մնում հատակին դիպչեր։ Այս պստիկ մարդու շարժումները խոշոր ձին, ձևերը հպարտ ու ծանրաբարո, իսկ նայվածքը լուրջ և հանդիսավոր։ Ինձ թվում էր, որ նա ճիգ է անում իր հասակից բարձր երևալ։ Ապագայում ես դիտել եմ, որ բոլոր փոքրահասակ մարդիկ այդպես են։ Երևի դա էր պատճառը, որ այդ մարդը գլխին դրել էր լեզգու մի շատ մեծ ու շատ բարձր շուլլայի։ Նրա կարճլիկ ոտներն ամեն մի քայլափոխում խճճվում էին երկայն չուխայի փեշերի մեջ, ինչպես ճանճերը սարդի ոստայնի մեջ։

Մյուսն, ընդհակառակը, մի վիթխարի էր բառիս բուն նշանակությամբ, բարձրահասակ, հաղթանդամ, մեծ փորով, հաստ պարանոցով և շատ երկայն բեղերով։ Չնայելով իր մարմնի չափերին՝ նրա դեմքի արտահայտությունը վերին աստիճանի մեղմ էր, իսկ ձայնը գրեթե մանկական։ Տեղավորելով իր անթիվ կապոցներն այu ու այնտեղ, նա շարունակ տնքտնքում էր և ինչ-որ բառեր արտասանում, որոնց իմաստը դժվար էր ըմբռնել։ Երբ, վերջապես, ավարտեց իր գործը, նստեց սեղանի քով և երեսի քրտինքը սրբեց շուլլայի մազերով, հետո, հերթով նայելով աջ ու ձախ բոլորի երեսին,