կրճատումներով և առանց փոփոխելու իմ այն ժամանակվա պրիմիտիվ ոճն ու լեզուն՝ քառասուն և ութ տարի սրանից առաջ գրված իմ մի ակնարկը։ Թող այժմյան բանվորը տեսնի, թե ինչ ողբալի դրության մեջ են եղել իր նախորդները։
«Ամենայն տեղ ամենայն հասարակությունների մեջ մշակների տնտեսական դրության բարվոքման հարցը վաղուց արդեն մտել է հասարակական ամենակարևոր հարցերի շրջանը, և այժմ գրեթե չկա մի փոքր ի շատե առաջադեմ ազգ կամ ժողովուրդ, որը քիչ թե շատ, այսպես թե այնպես չզբաղվեր մարդկության այդ ամենաթշվառ դասակարգի վիճակով, չաշխատեր գոնե ժամանակ առ ժամանակ, նորոգելով նրա անթիվ վերքերի սպեղանին, թեթևացնել նրա դառնակսկիծ ցավերը։ Միայն մեզանում է, որ խեղճ մշակը մի չինական պատով հասարակությունից անջատված, զուրկ նրա հոգացողությունից, ենթարկված ֆիզիկական ծանր և անտանելի աշխատանքներին, օրըստօրե բարոյապես և ֆիզիկապես մաշվում է ու մահ անում առանց արժանանալու մեր ուշադրությանը, մինչև անգամ առանց շարժելու մեր բնական մարդասիրական զգացումները։
Ո՞ւմ չէ պատահում ամենայն օր տեսնել թշվառ բեռնակրին ծածկված ցնցոտիներով, որոնք հազիվհազ պաշտպանում են նրա կաշվից ու չոր ոսկորներից բաղկացած մարմնի կեսը ձմեռը ցրտերից, ամառը արեգակի կիզիչ ճառագայթներից, ահագին համետը շալակին և չվանն ուսին գցած, փողոցի այս կամ այն անկյունում շլինքը ծռած սպասելիս, մինչև որ մեկը նրա մեջքը բարձելով 7—8 փութանոց բեռը, քարշ տա քաղաքի մի ծայրից մյուսը և տա նրան մի քանի կոպեկ։ Ո՞վ չէ պատահել տեսնել մշակին մուրճը ձեռքում փողոցներում արեգակի, անձրևի և ձյունի տակ, տկլոր քարի վրա շնթռած՝ հարուստ քաղաքի սալահատակի համար գետնաքարեր ջարդելիս։ Ո՞վ չէ տեսել այդ միևնույն մշակին ահագին քարը կամ ծանր գերանի ծայրն ուսն առած մի քանի տասնյակ աստիճաններով այս ու այն աղայի շինության երկրորդ, երրորդ հարկը բարձրանալիս։ Նրա նիհար երեսից անձրևի նման հեղում է քրտինքը, նրա կրծքի ոսկորներն ուժեղ ճնշողությունից դուրս են ցցվում, աչքերն արյան