սաստիկ կարմրում են, ծնկերը, չդիմանալով վերում ծանրության, ծալվում են, բայց նա ստոյիկյան համբերությունով տանում է այդ ծանրությունը, ըստ որում նրա անհաշտ թշնամին՝ քաղցր ստիպում է նրան տանել։
Նայիր խորն ուշադրությունով այդ բոլորի վրա, սիրելի ընթերցող, և դու սարսափ կզգաս, եթե ունես փոքր ի շատե զգայուն սիրտ։
Մշակը հալածվում է մարդկանց գազանային անխղճությունից։ Տուր ինձ ձեռդ, սիրելի ընթերցող, հետևիր ինձ և տես, թե այդ ինչպես է կատարվում, թե մինչև որ աստիճան մշակի մարդկային նույնիսկ բնական իրավունքները ոտնակոխ են լինում զանազան շահախնդիրների ձեռքում։ Միայն մի պահանջիր ինձնից հմուտ ուղեցույցի խորը տեղեկությունները, ըստ որում կանխապես խոստովանում եմ, որ այդ իմ ուժից բարձր է. ես միայն մատնացույց կանեմ քեզ այն անկյունները, ուր կատարվում են աղետալի անցքեր, որոնց մասին գուցե դու կյանքումդ լսած էլ չլինես։ Ես քեզ չեմ տանիլ վերև ասված փողոցային բեռնակրի կամ շինության մշակի մոտ, որոնց դու ամենայն օր աչքի առաջ ունես և այնքան տեսել ես, որ քո աչքերը բթացել են, այլ քեզ կտանեմ մի ուրիշ տեղ, ուր մշակի դրությունը առավել տխուր, առավել սարսափելի է։ Այս տեղերը Բաքվի հռչակված նավթային հանքերը և, այսպես անվանված, Սև Քաղաքի գործարաններն են։
Վերջին երկու տասնյակ տարիները Բաքվի նավթային արդյունաբերության արագ զարգացումը քաշեց բերավ այդ քաղաքը Անդրկովկասի զանազան անկյուններից, Սիսիանի, Տաթևի, Ղարաբաղի, Շամախու և ուրիշ շատ գավառներից, Ռուսաստանի և Պարսկաստանի խորքերից բազմատեսակ բախտախնդիրների շարքում, և բանվորներ, որոնք իրանց օրական ապրուստը հայթայթելու նպատակով, թողնելով իրանց հայրենի հողը, սիրելի ընտանիքը, եկած այժմ կենտրոնացած են այստեղ, Բալախանի-Սաբունչյան նավթային հանքերում և Սև Քաղաքում։
Սև Քաղաք անվանվում է այստեղ նավթային գործարանների խումբը, որ սփռված մոտավորապես վեց քառակուսի