գործերով... Թե ինչպես են խարդախ գործարանատերերը հարստահարում բանվորին — ահա ձեզ մի օրինակ։ Դիցուք նա բանվորին վարձել է ամսական 16 ռուբլով։ Նախ՝ նա առաջին 3-4 օրը կամ մի ամբողջ շաբաթ ստիպում է աշխատել անվարձ, իբրև թե նրա աշխատելու ընդունակությունը փորձելու համար։ Երկրորդ՝ գործարանատերը բանվորի հետ ոչ մի գրավոր պայմանագրություն չի կապում։ Եվ իրավ, ի՜նչ հարկավոր է գրավոր պայմանագրություն, քանի որ նա իրան ապահովում է, ամեն ամիս բանվորի ամսականի որոշ մասը պահելով։ Բանվորն ուզենա էլ հեռանալ գործից, չի կարող, որովհետև այդ դեպքում պիտի զրկվի գործարանատիրոջ մոտ գտնված դրամից։ Անցնում են տարիներ, վերջապես բանվորը կարոտում է իր ընտանիքին և ուզում է վերադառնալ հայրենիք։ Այդ դեպքում գործարանատերը գիտե, թե ինչ պիտի անե. նա իր դերը սերտած ունե...
— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ բան, ես քեզ չեմ արձակել. դու պարտավոր էիր մի ամիս առաջ հայտնել քո դուրս գալը, որ ես քո տեղը մարդ վարձեի։ Դու գիտե՞ս ինչ վնաս կարող է բերել ինձ քո դուրս գալը գործի տաք ժամանակ։
Գործարանատերը գիտե, որ մի հասարակ մշակի գործից հեռանալն իրեն ոչ մի նյութական վնաս չի կարող հասցնել, բայց նա այդ ասում է ուրիշ մտքով։ Մշակը հասկանում է այդ միտքը և սկսում է խնդրել, աղաչել, որ ինչպես և իցե հաշիվը վերջացնելով արձակի իրան։ Գործարանատիրոջ սիրտը փոքր-ինչ կակղում է մշակի աղաչանքներից, և տալիս է նրա վերջնական հաշիվը, բայց վա՜յ այն տալուն։
— Քեզ պատկանում է,— ասում է նա,— տարի ու կես գործելուդ համար այսքան գումար, սրանից ստացել ես այսքան, տասը շուշա ես կոտրել, դրա համար դու՛րս եմ բերում այսքան, այդինչ ժամանակ չես գործել, քո վարձից դուրս եմ բերում այսքան և, վերջապես, մնում է այս, առ, ստացիր ու կորիր ջհաննամը։
Հազար գոռա մշակը, հազար աղաչի ու արտասուք թափի, ո՜վ է լսելու նրան։ Շատ կերկարացնե, շլինքին կտան ու