Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցեխի մեջ կգլորեն։ Ճարահատյալ նա վերցնում է վերջին կոպեկներն ու աչքերը սրբելով հեռանում է։

Մշակի ֆիզիկապես հարստահարվելու մասին, կարծեմ, ավելորդ է խոսել վերև բերած մի քանի տեղեկություններից հետո։ Բայց ոչ. դա քիչ է մշակի համար. նա գուցե իրան բախտավոր համարեր, եթե թողնեին օրվա այդ 18-19 ժամերը հանգիստ գործեր... Ես չեմ խոսի այդ մասին երկարորեն, ես չեմ պատմի այն թակի, ծեծի և փողոցային ամենագարշելի հիշոցների մասին, որոնցով գործարանատերն ամենայն օր վարձատրում է խեղճ մշակին, այլ կարճառոտ կպատմեմ երկու դեպքեր, որոնց նմանը հազվագյուտ չեն մշակների կյանքում, և վերջ կտամ իմ ներկա հոդվածին։ Այդ երկու դեպքերից մեկը պատմել է ինձ մի հայ գործարանատեր՝ Ալեքսանդր Նաջարյան անունով, իսկ մյուսն արդեն հայտնի է Բաքվի հասարակությանը և տեղական լրագիրների միջոցով ուրիշ տեղեր էլ։

Ահա Ա. նաջարյանի պատմածը. մի գործարանատեր վարձում է մի մշակ ըստ սովորության առանց գրավոր պայմանագրության։ Անցնում են ամիսներ, և մշակը, որ ամենայն օր ծեծի ու հիշոցների է ենթարկված լինում գործարանատերից, վերջապես մի օր կամենում է թողնել վերջինին և վարձվել մի ուրիշ գործարանատերի մոտ։ Գործարանատերը չի ուզում արձակել մշակին, իսկ վերջինն առանց իր վարձին սպասելու կամենում է հավաքել իր շորերն ու դուրս գալ։ Այն ժամանակ գործարանատերը հրամայում է մյուս մշակներին կապել նրան մի սյունի ու ծեծել։ Սկսվում է ինկվիզիցիան, և փայտի անխնա հարվածներից մաշկի մարմնի զանազան տեղերից արյուն է հոսում։ Գոռոցների վրա վազում են հարևանները, որոնց թվում և Նաջարյանը, և մշակին մերձիմահ խլում են գործարանատիրոջ ձեռքից։ Մշակը չորս ամիս հիվանդանոցում բժշկվելուց հետո միայն առողջանում է։

Երկրորդ դեպքը պատահում է Բալախանիում և ահա ինչպես։ Ադամյան ազգանունով մի հայ հանքատիրոջ նավթահորի երկաթե խողովակը, որի տրամագիծը լինում է 16 դյույմ, վեց սաժեն խորութենում ծռվում է, որ սովորական է