Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այժմ նա բարձրագույն դասարանն էր բերել ինձ։ Ես ետ դառնալու մի շարժում արի, Ս. Բ.-ն միտքս հասկացավ, թևս ամուր բռնեց՝ ասելով․

— Ինձ մի՛ խայտառակիր, ամոթ է։

Անցանք մի կիսախավար միջանցք, դուրս եկանք մի նեղ ու շատ երկայն պատշգամբ, որ նայում էր դեպի մի թաց ու կեղտոտ գավիթ։ Մի բոլորովին մերկ աղջիկ, մեզ տեսնելով, ճչաց և անհետացավ գավթի խորքում։ Պատշգամբի վրա խմբված էին տասի չափ երիտասարդ կանայք շատ թեթև և բազմագույն հագուստներով։ Մի քանիսի թևի վրա նկատեցի ինչ-որ կապան կարմրագույն ժապավենից։ Մեզ տեսնելով՝ կապանավորները հեռացան այս ու այն կողմ։

— Էմիլիա, դուրս եկ, սևիկդ եկել է,— գոչեց Ակուլինա Պետրովնան ալկոհոլից քայքայված ձայնով։

Բազմաթիվ դռների մեկից դուրս եկավ մի շիկահեր աղջիկ և, ընկերոջս տեսնելով, հարձակվեց նրա վրա ու իր հոլանի թևերով փաթաթվեց նրա վզին։ Ապա նա երկուսիս էլ հրավիրեց իր սենյակը։ Ս․ Բ.-ն գրեթե քաշկրտելով ինձ տարավ այնտեղ։ Հետո նա ինչ-որ շշնջաց աղջկա ականջին և ծիծաղեց։ Աղջիկն ուշադիր նայեց ինձ և գլխով ինչ-որ համաձայնության նշան արավ։ Ս. Բ.֊ն ինձ ասաց.

— Դու մնացիր այստեղ, ես գնում եմ ուրիշի մոտ։ Մի՛ վախենար, էմիլիան ամենից մաքուրն է ու ամենից սիրունը։ Ես միայն քեզ եմ զիջում։ Հը, ի՞նչ ես քարացել և ապուշ-ապուշ նայում ես ինձ կոկորդում ոսկոր մնացած մարդու պես։ Բայց ոչինչ, առաջին անգամ ես էլ քեզ նման էի։ Դե, գրկիր, համբուրիր, էմիլիա, լավ տղա է, չէ՞։

Եվ էմիլիային հրելով իմ գիրկը, Ս․ Բ.-ն շտապեց դուրս։ Աղջիկը դուռը փակեց, մենք մնացինք առանձին։

— Թող ինձ մի քիչ կարգի բերեմ, հետո,— ասաց աղջիկը և մոտեցավ հայելուն։

Մինչ նա զբաղված էր իրանով, ես նայեցի շուրջս։ Սենյակը լուսավորված էր առաստաղից կախված մի լապտերով, որ հովանավորված էր կարմիր լուսամփոփով։ Բացի մի լայն անկողնակալից, կային երկու հնամաշ վիեննական աթոռներ, մի տուալետի սեղան, վրան զանազան սրվակներ, փոքրիկ