պակասությունը։ Դու պիտի իսկույն հասկանայիր՝ ինչ եմ ուզում ասել։ Գնանք, դու շնորհակալ կլինես ինձնից, երբ կտեսնես։ Մի վախենար, ես փող շատ ունեմ, դու ոչ մի կապեկ չես ծախսի։ Գնա՛նք։
Ես զիջեցի ոչ այնքան հետաքրքրությունից գրգված, որքան բնավորության թուլությունից։ Ես այժմ էլ չափազանց զիջող մարդ եմ։ Թող չկարծվի, որ այդ ես առաքինություն եմ համարում։ Քավ լիցի, խորապես ցավում եմ, որ այդպես եմ։
Մենք կառք նստեցինք և գնացինք քաղաքի հեռավոր արվարձանը։ Ճանապարհին Մ. Բ.-ն չասաց, թե ուր է տանում ինձ։ Բայց ես արդեն գուշակել էի։ Կառքը կանգ առավ մի նեղ փողոցի վրա, մի հարկանի տան առջև։ Արտաքուստ այդ տունը ոչնչով չէր տարբերվում մյուսներից, միայն նրա մուտքի մոտ դռների գլխին կախված էր կերոսինի մի մեծ լապտեր, որի վրա գրված էր՝ «Հյուրանոց Նիժնի-Նավգորոդ»։ Բացի այդ լուսամուտների տախտակյա փեղկերը ներսի կողմից փակ էին այնպեա, որ կարելի էր կարծել, թե տունն ամայի է։ Ս․ Բ․-ն քաշեց դրսի զանգակը։ Տևեց երկար ժամանակ, մինչև որ դռները դանդաղորեն բացվեցին կիսով չափ։ Երևաց մի տարիքավոր կնոջ երկայնաձև խիստ կարմրագույն և սև խալերով ծածկված կարմիր երեսը, որ նման էր միջից կիսված ձմերուկի։
— Ո՞վ եք,— հարցրեց կինը, իր խոշոր ստինքը դուրս ցցելով, կարծես մեր մուտքը փակելու համար։
— Բարև, Ակուլինա Պետրովնա, չճանաչեցի՞ք,— ասաց ընկերս մտերմական եղանակով։
Կինն աչքերը ձեռքով հովանավորեց արեգակի ճառագայթներից և գոչեց․
— Աա՜, դուք եք, Ս. Ֆադդեևիչ, լուսի դեմ չճանաչեցի։ Համեցեք, համեցեք, այդ ինչ գեղեցիկ հյուր եք բերել։
— Բարեկամս է, Ակուլինա Պետրովնա, սիրեցեք և պատվեցեք... էմիլիան տա՞նն է։
— Մտեք, մտեք, ամենքը տանն են։ Այսօր բժշկի օրն էր, եկավ քննեց ու գնաց։ Լավ օր է ձեզ համար։
Ես ծխելը U. Բ.-ից էի սովորել, օղի խմելը նույնպես.