Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քարքարուտով, ապա թանձր միապաղաղ ձյունով ծածկված դարիվերով։

Նորից ուղտերի երկայն շարաններ, բայց այլևս նրանք չեն խանգարում մեզ, վասնզի չեն սայթաքում, որ երկյուղ կրենք դեսուդեն հրվելուց։ Գնում են փիլիսոփայական լրջությամբ, դանդաղ որոճալով, ով գիտե, քանի օրվա որոճը։ Մերթ ընդ մերթ իրանց սև շրթունքների թուքը ցողում են մեզ վրա սառն արհամարհանքով, երևի, բանի տեղ չդնելով մեր փոքրությունը։ Որքա՜ն համր է նրանց քայլվածքը։ Կարծես, հավիտենականության հետ գործ ունեն և երբեք չպիտի տեղ հասնեն։ Ռուս զինվորն արդեն ընտելացել է ուղտի դանդաղությանը և հրացանն ուսին համբերությամբ, անձայն ուղեկցում է նրան որպես վաղեմի բարեկամ։ Մի քիչ կոմիկական, բայց սրտաշարժ պատկեր...

Քանի բարձրանում ենք, այնքան ձյունը թանձրանում է։ Այլևս ճանապարհ չի երևում։ Նախընթաց գիշերվա բորանը ծածկել է այն։ Գնում ենք ուղտերի թողած հետքով։ Աջ ու ձախ անվերջ սարեր են, ծածկված ճերմակ սավանով, որ պայծառ արեգակի շողերից պսպղում է բյուրավոր կուրացուցիչ ադամանդներով։

Ամենաբարձր կետը Չինգիլյան զառիվերի մոտ 7000 ոտնաչափ է, գրեթե նույնչափ, որչափ Գուդաուրը, որով այնքան հիացել և հիանում են ճամփորդները։ Այդտեղ մի տափարակ բաժանում է Թուրքիան Ռուսիայից։ Չկա այլևս հին սահմանը։ Մնում է միայն նրա հետքը — մի մեծ քարասյուն։ Կվերացվի՞ նա արդյոք. և ժամանակավո՞ր, թե առմիշտ — դժվար է գուշակել։

Ահա, վերջապես, արցունքների երկիրը։ Նա, որ մեզ տասնյակ տարիներ այնքան տվայտանքներ է պատճառել է այնքան եռանդ կորզել մեր սեփական գործերից։ Մեր հատ ու կտոր խոսակցությունն ընդհատվում է։ Տիրում է խորհրդավոր լռություն քանի մի րոպե։ Այնուամենայնիվ մենք բաժանվում ենք միմյանցից յուրաքանչյուրս իր տխուր տրամադրությունից դրդված։ Ոչ մեկը չի ուզում խանգարել մյուսի խորհրդածությունները, և ի՜նչ հարկավոր են բանալ