Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հատակի վրա, ինչպես անբան անասուններ և տառապում են։

Նրանց երկու երրորդականը բաղկացած է հիվանդներից և միայն մի երրորդականը վիրավորյալներից։

— Պատերազմը, հարկավ, ամենուրեք աղետ է, — խոսում է մեզ առաջնորդող բժիշկն անկեղծ կարեկցությամբ,— բայց այս անիծյալ երկրում նա դժոխք է։ Չկան ոչ ճանապարհներ, ոչ կացարաններ։ Այս թշվառներին բերում են ուղտերով։ Կարող եք երևակայել, թե ինչպես են տառապում։ Նոր միայն որոշված է առանձին պատգարակներ պատրաստել, բայց ե՞րբ կստանանք — աստված գիտե։

Ես չկարողացա երկար դիտել տխուր տեսարանը և լսել գթասիրտ բժշկի նկարագրությունը մարդկային տառապանքների։

Դուրս եկա գավիթ և ի՞նչ տեսնեմ։ Մեր ուղեկից տեր-Նիկոլը ընկել է գետին և սեղմվել մի մեծ տակառի և իր ձիու միջև: Նա ճիգ է անում դուրս գալ անհարմար դրությունից և չի կարողանում։ Երկու հարեսիրտ կազակներ աշխատում են նրան օգնել, բայց ծիծաղը թուլացնում է նրանց ձեռքերը։ Պարզվում է, որ պատվարժան տեր հայրը, կամենալով վաղօրոք ձի նստել, բարձրացել է տակառի վրա։ Վտիտ երիվարը չի կարողացել դիմանալ նրա ծանրությանը, գցել է նրան, ինքն էլ ընկել է և տեր հորը սեղմել տակառին։

Վերջապես, կազակները մի կերպ դուրս բերեցին արժանապատիվ հոգևոր հորը տակառի և ձիու արանքից և փառավորապես բազմեցրին թամքի վրա ու մտրակն էլ ձեռքը տվեցին։

Բարեբախտաբար սրբազանները հիվանդանոցից դուրս եկան այն ժամանակ, երբ տեր-Նիկոլն արդեն կատաղի արշավում էր դեպի Արծափ։

Չնայելով այդ տեսակ մանր-մունր փորձանքներին, որ առաջանում էին մարմնի պարարտությունից, ընդհանրապես տեր-Նիկոլը մեր ամենից դյուրաշարժն էր և, կարող եմ ասել, անվեհերը։ Երբ իջնում էինք Չինգիլի զառիվայր կոչված անդունդը, վտանգավոր տեղերում էլի նա էր ամենից առաջ քշում իր ձին։ Ճշմարիտ է յուրաքանչյուր կես ժամ նրա ձիու մեջքը ծալվում էր անսովոր ծանրությունից, և կենդանին