Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վատ չէ և գյուղի տպավորությունը, բայց միայն հեռվից։ Աչքի է ընկնում բարձրավանդակի վրա շինված եկեղեցին իր ահագին կլոր գմբեթով, որի ոճը հայկական չէ։ Նա մութն է արեգակի տակավին առատ ճառագայթների տակ, վասնզի արտացոլելու ոչինչ չունի, ո՛չ մետաղ, ո՛չ ապակի։

Մտնում ենք գյուղի նեղ, ծուռումուռ և վերին աստիճանի ապականված փողոցները, և տպավորությունս իսկույն փչանում է։ Կանայք և երեխաները տներից դուրս են թափվում անսովոր թափորը տեսնելու և խմբվում են դռների առջև, միմյանց սեղմելով ինչպես երկչոտ գառնուկներ և իրարու հրելով։ Նրանց ցնցոտիները գույնզգույն են։ Իշխող գույնը կարմիրն է։

Ոմանք բարձրացել են ցածր ու տափարակ կտուրների վրա, որ ներկայացնում են հարթ, հավասար տարածություն գյուղի մի ծայրից մինչև մյուսը։ Երևի, այդտեղ մարդիկ ևս հավասար նյութական վիճակումն են։ Ծառեր չկան, այգիներ կամ բուսանոցներ նամանավանդ, և դա գյուղին տալիս է մռայլ տեսք։

Երեխաները մեծ մասամբ կիսամերկ են և զարմանալի է, որ դիմանում են լեռնային դաժան ցրտին։ Նայում են մեզ կես երկյուղով։ Դրա՞նք ովքեր են, դրանք ինչո՞ւ են եկել. արդյոք մի նոր փորձանք չե՞ն մեզ համար, այսպես են մտածում երևի։ Թող մտածեն, բայց մեր սիրտը մորմոքվում է, հոգին տառապում նրանց ողորմելի տեսքից։

Կանանց երեսները բաց են, միայն մեզ տեսնելով, բերանները ծածկված են մի ձեռքով, մյուս ձեռը կրծքների վրա դրած։ Չեմ կարող ասել, որ նրանք գեղեցիկ են ընդհանուր առմամբ, բայց տգեղ էլ չեն. գոնե այնչափ, որչափ զվիցերական երջանիկ գեղջկուհիներ։ Բայց ի՞նչ սիրուն աչքեր և որքան թախծալի, խելացի և արտահայտիչ։ Դեմքերը մեծ մասամբ նիհար են, գունատ, որոնց աստվածային տուրքը-սիրունությունը կարողացել է դիմանալ ճակատագրի դաժան հարվածներին և չաղավաղել։

Մեզ առաջնորդում են գյուղի խորքը։ Բարեբախտաբար փողոցները սառած են, եթե ոչ մեր փոքրիկ ձիերը կարող էին մինչև պարանոց թաղվել տիղմի մեջ։