Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իջնում ենք մի տան առջև, ուր մեզ համար օթևան է պատրաստված. և մեր հոգնած ու քրտնած ձիերը հանձնում ենք ուղեկցող կամավորների խմբին։

— Տեսեք, ոչ մի բան ձրի չվերցնեք,— ամեն ինչի համար վճարեցեք, ապա թե ոչ կպատժվեք։

Ցածր դռներով մտնում ենք մի ինչ-որ մութ վայր։ Չեմ հասկանում շտեմարան է թե գոմ, բայց շատ ընդարձակ է։ Զգում եմ աթարի սուր հոտը, որին անսովոր եմ։ Գլուխս իսկույն պտտում է։ Ճիգ եմ անում կիսախավարի մեջ բան տեսնելու և խոնավ հողային հատակի վրա նշմարում եմ մի քանի կանայք, ծեր թե երիտասարդ — չեմ ջոկում։ Նրանցից մեկը մի երեխա է գրկած, մյուսին օրորում է օրորոցի մեջ։ Քիչ հեռու տեսնում եմ երկու ռուս զինվորներ առանց վերնազգեստի, գրեթե կիսամերկ։ Մեզ տեսնելով, շփոթվում են, շտապում են ոտքի ելնել։

Մեզ տանում են մի նեղ անցքով մեր օթևանը։ Դա բավական մեծ մի սենյակ է հողե հատակով, կավյա պատերով և փայտյա առաստաղով, որ միջից բաժանված ձվի ձև ունի։

Մեջտեղ վառվում է երկաթե վառարանը, որի խողովակը ծնկաձև անցնում է պատով դուրս։ Պատերի տակ շինված սաքուները ծածկված են կապերտներով ու փափուկ մինդարներով։ Զգալով ախորժելի ջերմություն, շտապում ենք ազատվել մեր մուշտակներից ու ծանր կոշիկներից ու թավալվում ենք պատերի տակ ինչպես գաղթականներ։ Ոչ միայն գոհ ենք, այլև երջանիկ ու անվերջ անսահման շնորհակալ ենք այդ արքայական ընդունելությունից։

Հյուրընկալությունն այնքան ջերմ էր, որ մինչև անգամ մի տեսակ նեղված եմ զգում ինձ։ Արժանի՞ ենք արդյոք այդ պատվին։ Աստված գիտե ինչ բարիք են սպասում մեր անակընկալ այցելությունից այդ ապաբախտ մարդիկ, որ ահա մեկ-մեկ ներս են մտնում անվստահ քայլերով ու խմբվում դռների առջև։ Եվ մի թե նրանք չեն հիասթափվել մեր գնալուց հետո։

Անշուշտ նույնն են զգում և իմ ընկերները, թեև ոչինչ չեն ասում։

Սակայն տեր-Նիկոլը շատ է հուզված։ Ներս է վազում։