Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սովորական մշտապես հալածանքներից հետո եկել է պատերազմը և գյուղացու թշվառության բաժակը լրացրել։ Նախ կողոպտել են թուրք ասկերները, տերության քողարկված հրամանով, ապա ռուսներից հալածվող քրդերը։ Կոտորածից ազատվելու համար երիտասարդ անզեն տղամարդիկ փախել են լեռները և թաքնվել ժայռերի մեջ։ Քրդերը ծերերին ու երեխաներին չեն կոտորել և ոչ էլ, բարեբախտաբար, կանանց բռնաբարել։

Վերջապես, եկել են կազակները, և Արծափը նրանց առջև բաց է արել իր շտեմարանները և մնացորդը տվել նրանց։ Այժմ ոչինչ չի մնացել, ո՛չ ցորեն, ո՛չ գարի ու դարման և ո՛չ էլ մանավանդ վառելիք։ Այժմ հայերը կազակներին առաջնորդում են քրդական գյուղերը, որ ճանապարհից դուրս են և ցույց են տալիս նրանց լի ամբարները։ Հերթը նրանցն է։

— Գիտե՞ք այդ պանիրն էլ քրդերից է խլված, — ասում է մեզ թաքուն մեկը տեղացիներից թե կամավորներից, չեմ մտաբերում։

Իմ ձեռքից ընկնում է պանրի պատառը։ Ակամա զգում եմ մի տեսակ քամահրանք, թեև հավատացնում են, որ հայերը քրդերից խլում են հազիվ մի տասնորդականը իրեն սեփականության։ Ոչ, ոչ, ինչ ուզում է թող լինի, միայն թե իմ ազգակիցների վրա չտեսնեմ այն արատը, որ հատուկ է նրանց թշնամիներին։

Գալիս է տեղական կոմենդանտն այցելության և առաջարկում իր ծառայությունը։ Այդպես է հրամայված նրան բարձրից։ Շնորհակալություն ենք հայտնում և խնդրում նրա օգնությունը տեղացիների համար։

— Պատրաստ ենք ամեն կերպ օգնելու,— ասում է զինվորականը,— բայց լեզու չիմանալը մեզ շատ է խանգարում։ Մենք նոր ենք սկսել հայերին զատել քրդերից։ Սկզբում չգիտեինք որն է քուրդը։ Նրանք միատեսակ են հագնվում։ Բարեբախտաբար այստեղ կա մի հայ, որ մի քիչ գիտե ռուսերեն և մեզ շատ է օգնում։

Մարդ ենք ուղարկում այդ հազվագյուտ հային կանչելու։ Ներս է մտնում համակրելի դեմքով, համեստ ձևերով մի երիտասարդ, գյուղացիները խոսքեր չեն գտնում նրան