Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գովելու և նրանից շնորհակալ լինելու համար։ Նա ոչ միայն թարգմանի դեր է կատարում, այլև հովանավորի ու պաշտպանի։ Նա է, որ կազակներին առաջնորդելով ցույց է տվել քրդերի զենքի պահեստը և օգնել զինաթափ անելու նրանց։ Նա է, որ շատ ընտանիքներ ազատել է կործանումից և շատ շատերին կողոպտվելուց։

Զգում ենք, որ մեր առջև կանգնած է մեկն այն փոքրիկ հերոսներից, որոնք լուռ, առանց հայկական թմբկահարության և առանց որևէ անձնական ակնկալության գործում են իրենց ապաբախտ հայրենիքի համար և չքանում անհայտության մեջ։ Ապաբախտ եմ և՛ ես, որ մոռացել եմ հուշատետրում նշանակել նրա անունը։

Գյուղացիների տված տեղեկություններից իմանում ենք, իր միջի այլոց, որ 120 տներից բաղկացած Արծափը հարուստ է վարելահողով, այնչափ հարուստ, որ Կովկասի հայ գյուղացին երգել միայն կարող է։ Յուրաքանչյուր ընտանիք ունի ամենապակասր 50 դեսյատին արգավանդ հող։ Կան այնպիսիները, որ ունեն 70-80, նույնիսկ 100-ից ավել։ Բացի երկրագործությունից, գյուղը պարապում է և խաշնապահությամբ և իր աշխատանքի պտուղը Կովկաս է ուղարկում վաճառքի։

Ներս է մտնում միշտ զվարթ, միշտ կենսախինդ Շահխաթունին հրաժեշտ տալու։ Վաղը մեզ ուղեկցելու է ուրիշ սպա ուրիշ կազակների հետ։ Իսկ մեր հայրենակիցը պարտավոր է այժմ իսկ վերադառնալ Իգդիր, ստիպված լինելով գիշերով անցնել Չինդիալի անդունդները։

Գյուղացիները, զգալով, որ մեզ հանգստություն է հարկավոր, ցրվում են։ Մնում են մեր տպավորությունները։ Մենք ամենքս էլ առաջին անգամն ենք Հայաստան մտնում։ Հաղորդում ենք իրարու, թե ինչ զգացինք սահմանագլխում։ Մեր տրամադրությունը լուրջ է և տխուր։

Հանկարծ մութ անկյունից վայրկենական թախծալի լռության մեջ լսվում է տեր-Նիկոլի ձայնը.

— Սահմանագլխում քուֆթա կերանք։

Դա էլ նրա տպավորությունն է։ Արդարև հիշում եմ, որ մեր ընկերներից մեկը մեզ հյուրասիրեց իր հետ բերած երևանյան քուֆթայով։