Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ ուզում են հավատալ երջանիկ վիճակի մերձավորությանը, բայց ներկա՞ն։ Նա առժամանակ ոչինչ չի խոստանում։

— Մենք կաղոթենք միայն, որ ռուս չերթա մեզնե, սրբազան, որ նա գրավե մեր երկիր ու նստի, ավելի ոչինչ չենք ուզեր,— ասում են միաձայն բոլորը։ Եվ նրանք անկեղծ են, այնքան անկեղծ, որ չեն կարողանում իրանց արցունքը զսպել։

Նայում ենք, եկեղեցու մեջ ոչինչ չկա, ոչինչ բառիս կատարյալ իմաստով։ Քրդերը տարել են բոլորը, ինչ-որ շարժական է։ Բոլորը, սկսած խաչ ու խաչվառներից, սեղանի արդուզարդերից, մինչև գրքերն ու գրակալները։ Նրանք փայտեղենն անգամ դուրս են բերել պատերի միջից և այրել։ Նրանք թե ուրիշները․․․ բայց այրել են։

Գյուղի ծայրում խմբվել են 10-15 հրացանավորներ։ Տեղական կամավորներն են, որոնց ռուս զինվորական իշխանությունը զինել է բերդաններով ինքնապաշտպանության համար։

Նրանք մեզ ոտքով ուղեկցում են մի քանի վերստ և, ըստ երևույթին, երջանիկ են իրենց դերով։ Թուրքահայը պաշտպանում է ռուսահային, չէ որ դա պարծենալու երևույթ է։ Ուրախ են նամանավանդ, որ ընկերացել են կազակներին: Սակայն, ինչո՞ւ թաքցնեմ ճշմարտությունը, նրանք ինձ վրա թողնում են ավելի հազվագյուտ խաղալիքի արժանացած երեխաների, քան կռվի ընդունակ զինվորների տպավորություն։ Նրանք չգիտեն անգամ ինչպես պահել այդ խաղալիքը, որ չլինի ծիծաղելի...

Եղանակը արեգակնային է, ջերմ. ճանապարհը մեծ մասամբ հարթ, անվտանգ։ Մեր ձիերը ընթանում են աշխուժով, բացի իմից, որ մի անգամ արդեն որոշված քայլից չի ուզում մազու չափ շեղվել։ Ոմանք մեզնից աշխատում են անվեհեր հեծյալների փորձառություն ցույց տալ։

Արծափից մինչև Բայազեդ 32 վերստ է ամենաշատը չորս ժամվա տարածություն։ Ավելի լավ. ձիու անսովոր ծնկներս չեն թմրել, և ես չեմ զգա երեկվա անտանելի ցավը, և իմ քաջարի ընկերներին չեն պատճառիլ ծիծաղ։ Գնում եմ երիտասարդ կազակ օֆիցերի հետ հավասար։