Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա բնավ ախորժակ չունի իմ ընկերների ձիարշավին մասնակցելու։ Նա բարվոք է համարում հաճույքով ընդունել իմ առաջարկած ծխախոտը և պատմել այն կռիվները մասին, որոնց մասնակցել է։ Նրա խոսքով, թուրք զինվորները երկչոտ չեն, կռվում են կանոնավոր, գիտեն ռազմական կանոններ, գիտեն նշան դնել և երբեմն էլ խույս չեն տալիս ձեռնամարտից։ Նույնը չի կարելի ասել համիդիականների և առհասարակ քրդերի վերաբերմամբ։ Դրանք ավելի աղմուկ են բարձրացնում, քան գործ կատարում։ Թվով շատ են, բայց որակությամբ ոչ բարձր։

— Նրանք սարսափում են մեր «հուռռայից», բայց պետք է ասել, որ մեզ վրա էլ բավական ազդում է նրանց «ալլահ-ալլահը»,— շարունակեց կազակ օֆիցերը ռուսին հատուկ պարզությամբ և համեստությամբ։— Ոռնում են քաղցած բորենիների պես։ Տարածության մասին թուրքերը որոշ գաղափար ունին, իսկ քրդերն — ամենևին։ Գնդակ են արձակում երեք-չորս վերստ հեռավորությունից և, իհարկե, կորցնում են։ Տնտեսել չգիտեն։ Գերադասում են կաքավների պես թաքնվել ժայռերի մեջ, քարերի տակ։ Երբ մենք չենք պատասխանում, սիրտ են առնում դուրս գալու ու հարձակվելու, իսկ երբ մենք ենք հարձակվում, իսկույն ցրվում են։ Սրամարտից սարսափում են ինչպես կայծակից։ Այն ինչ մեր արվեստը հենց այդ է։ Եվ, գիտե՞ք, սրամարտն ավելի ձեռնտու է։

— Ի՞նչպես։

— Իհարկե։ Աստվա՛ծ գիտե քանի գնդակ պիտի փչացնես մի գլուխ ծակելու համար, մինչդեռ մերոնց թրի ամեն մի հարվածը մի կյանք է խլում։ Զարկիր որքան կարող ես, իսկ երբ թուրդ բթացավ, նորից կսրես, հա, հա, հա։

— Քանիսի՞ն կլինեք սպանած դուք անձամբ։

— Աստված գիտե, մի՞թե կարելի է հաշվել կռվի տաք ժամանակ։

— Ոմանք հաշվում են։

— Գուցե այն ժամանակ, երբ թշնամին փոքրաթիվ է, տասը-քսան, ոչ ավելի։ Իսկ ուրիշ ժամանակ ի՞նչպես իմանաս որը սպանվեց, ո՞րը վիրավորվեց։ Պատահում է, որ տեսնում