Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ես մեկն ընկավ, կարծում ես բանը պրծավ։ Բայց մեկ էլ տեսար ոտքի կանգնեց ու հարձակվեց։ Այդ ժամանակ քրդի սև աչքերը լցվում են արյունով, և նա նմանվում է կատաղի գայլի։

— Ճշմարիտ է, որ թուրքերն ու քրդերը առանձնապես կատաղած են կազակների դեմ։

— Իհարկե, առայժմ նրանք այս կողմերում համարյա թե բացառապես մեզ հետ գործ ունին։ Պարզ է, որ պիտի կատաղեն։

— Ես այդ չէի ուզում իմանալ։ Ասում են, որ նրանք գերի ընկած կազակներին չարչարում են։ Իբր թե նրանց աչքերը հանում են, կաշին քերթում և այլն։

Երիտասարդ խորունժին բարեհամբույր ժպտաց, ցույց տալով առողջ ու խոշոր ատամների շարքերը։

— Ձեր հարցին չեմ կարող ստույգ պատասխան տալ,— ասաց նա անվրդով,—բայց էլ լսել եմ։ Իմ կազակներից ոչ մեկը դեռ չի ընկել նրանց ձեռքը և հույս ունեմ երբեք չի ընկնիլ կենդանի։ Մի բան ճիշտ է։ Սրանից մի շաբաթ առաջ քրդերը Մոսունի մոտ հարձակվում են մեր խոտատար սայլերի վրա և մեր գնդից երկուսին սպանում։ Առվից հետո հարյուրյակի գլխավորն ուղարկում է սպանվածներին գտնելու։ Գտնում են մի ձորում, բայց.․․

Կազակ֊օֆիցերը գլուխը տխուր շարժեց։ Կատաղություննը փայլեց նրա փոքրիկ կապուտակ աչքերի մեջ, և նա թեթևակի մտրակեց իր ձիուն։ Ես հասկացա նրա միտքը և ավելորդ բացատրություն չխնդրեցի։

— Ականջ դրեք... չե՞ք լսում,— հարցրեց հանկարծ խորունժին։

— Ոչինչ չեմ լսում,— ասացի ես զարմացած։

— Սպասեցեք, այդ գետակն էլ անցնենք, կլսեք։

Այս, ասելով, նա ձիուն մտրակեց և մտավ ընդարձակ հովտի բազմաթիվ գետակներից մեկը և, եզրերի սառույցը ջարդելով, սլացավ մյուս ափ։

Երբ մոտեցա նրան, ձին պահեց և կրկնեց.

— Ականջ դրեք դեպի լեռները։ Մերոնք են.․․