Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բերդի մի բաժինը եղել է բանտ։ Ես մտա և՛ այնտեղ։ Դա մի շատ ընդարձակ դահլիճ է։ Մութ, խոնավ, պատերը ծխից սևացած։ Մի պատի վրա շինված է երկաթե մի վանդակ բազկաչափ ձողերով։ Դա պահապանների տեղն է։ Այստեղից են նրանք հսկել բանտարկյալներին։ Պատերազմից ոչ շատ առաջ փախել են 40 հանցավորներ։ Փախուստի հետքը մի փոքրիկ փոս է հատակի կենտրոնում։

Մյուս ամրոցը գտնվում է քաղաքից դուրս, ահռելի, ժայռերի մեջ։ Ցավալի է, որ ժամանակը չներեց ինձ այն էլ տեսնելու։ Ասացին ինձ, որ այդ ամրոցն ավելի նշանավոր է ոչ ճարտարապետական, այլ ռազմական տեսակետից։ Ունի մի քանի ստորերկրյա անցքեր, որոնց արժե տեսնել։

Վերադառնալով մեր կացարանը, ուղեկիցներիս գտա բավական անհարմար դրության մեջ։ Պատահել էր մի թեթև, շատ թեթև անախորժություն, որ սակայն ես նախատեսել էի Թիֆլիսում և որի մասին նախազգուշացրել էի մեր ընկերներին։

Բանն այն է, որ մեզ ուղեկցող սպային և կազակներին, այսինքն մեր կյանքը պես-պես հնարավոր փորձանքներից ապահովողներին պետք է որևէ կերպ երախտապարտ լինել։ Կազակների բանը դժվար չէ, մի փոքրիկ դրամական նվեր, և նրանք գոհ են։ Բայց ի՞նչ անել օֆիցերի վերաբերմամբ։ Մեզ հետ ոչինչ չունեինք, մի որևէ իր, որ հիշատակ թողնենք նրա մոտ։

Պ. Խունունցն իր հուշատետրում նշանակեց համեստ և ամոթխած օֆիցերի անունն ու հասցեն։ Փույթ չէ, երբ կվերադառնանք մեր տեղերը, մեր անունից շնորհակալության մի նշան կուղարկվի նրան։

Նույնն արինք մեր ճամփորդության ընթացքում և մյուս մեզ ուղեկցող օֆիցերների վերաբերմամբ, ընդհանուր թվով կարծեմ յոթ անգամ։

Ավա՜ղ, խոստումը մինչև այսօր էլ մնում է լոկ խոստում..․

Մարդկային կենցաղավարության մեջ կան փոքրիկ ուշադրություններ, որոնց համագումարը կոչվում է էտիկա։ Նա է, որ ազգերի փոխադարձ հարաբերությունների մեջ ծնում է