համակրանք կամ հակակրանք։ Թվում է ինձ, որ մեր ազգի բարոյական վարկին ամենամեծ հարված տվողը մեր հոգու չորությունն է։ Խելքն ու բանականությունը չեն միայն, որ ժողովրդին ժողովուրդների մեջ դարձնում է հանդուրժելի, այլև զգացումը։ Եվ գլխավորապես զգացումը։ Հաճախ մի փոքրիկ անփութություն կամ անուշադրություն հղացնում է ատելություն և, ընդհակառակը, անհատների կողմից օտարներին տրված մի գեղեցիկ ժեստ երբեմն գրավում է նրանը հարգանքն ու համակրանքը դեպի ամբողջ ազգը...
Մեր տանտերը մի բարեհամբույր, շատ հյուրասեր ծերունի էր, տակավին առույգ, առողջ և դյուրաշարժ։ Նա թուրքական փաստաբան էր, այնինչ՝ նրա որդիները պարապում էին վաճառականությամբ։ Մեզնում հակառակն ենք տեսնում։ Բայց երևի, սուլթանների երկրում իրավագետ լինելու համար մի առանձին պատրաստություն հարկավոր չէ, վասնզի մեր բարի տանտերը չունի նույնիսկ միջնակարգ կրթություն։ Այնուամենայնիվ նրա կլորիկ դեմքը չէր կրում գռեհկության նշան և եթե գրասեղանի քով նստած գրում էր ասիական ձևով, ծնկների վրա և սագի փետուրով, երևի այդպես էր սովորել և համառում էր զիջողություն անել եվրոպական նիստուկացին։ Չի կարելի ասել, որ նրա որդիները շատ էլ նրանից առաջ էին գնացել։ Մեզ պատմեցին, որ ծերունու մի որդին ուսանող է Ժնևում և երբ արձակուրդներին տուն է վերադառնում, ճաշի և ընթրիքի ժամանակ ամենայն հնազանդությամբ դեն է գցում եվրոպական կոշիկները, ծալապատիկ նստում է մինդարի վրա և այնպես ուտում։
Եկան մի քանի պատկառելի թուրքեր իրենց բարեկամական զգացմունքներն արտահայտելու։ Նրանցից մեկը խելացի և համակրելի դեմքով մի ծերունի էր, չալմայով։
— Իսմայիլ էֆենդի Նալբանդ Զադե,— ներկայացրեց նրան փաստաբանը հարգանքով,— հայտնի կալվածատեր և միաժամանակ տեղական դատարանի անդամ։
Հայտնվեց, որ էֆենդին եղել է ինքնապաշտպանության կոմիտեի անդամ և օգնել է հայերին ու շատերին ազատել կործանումից։ Այժմ նա ինքը Բայազեդում մնացած թուրքերի հետ գտնվում է հայերի պաշտպանության ներքո։ Նա