Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խոսեց ժողովուրդների համերաշխության մասին և խոսեց խելացի, տրամաբանորեն, հենվելով կյանքի տված երևույթների ու փաստերի վրա․․․

Ներս մտավ մի դյուրագրգիռ հայ և սկսեց կատաղի բողոքել ճակատագրի հարվածների դեմ։ Նրա գանգատը կարելի է ամփոփել իր հետևյալ խոսքերի մեջ.

— Մեզի թալնեցին թուրք ասկերներ, անկե հետև քուրդեր։ Մենք այժմ այլ կը թալնվենք, հուսալով, որ ռուսը գալեն ետև պիտի հանգիստ ըլլանք։ Եթե սա պես շարունակվի մեր վիճակ, պիտի գաղթենք...

Մենք աշխատեցինք վրդովված հային բացատրել, հանգստացնել, բայց սա մի քանի անգամ կրկնեց «պիտի գաղթենք»։ Վերջապես համբերությունս հատավ, և ես հարցրի․

— Ո՞ւր պիտի գաղթեք.․․

Նա չկարողացավ հարցիս պատասխանել։ Լռեց և գլուխը հուսահատորեն թեքեց կրծքին։

— Այո, ուր պիտի գաղթենք, տեղ չկա,— հաստատեցին իմ խոսքը ներկա եղող թուրքահայերը։

Վրդովված հայը զգաց, որ իր բողոքը ոչ միայն անզոր է, այլև ոչ քաղաքագիտական։ Նա ասաց.

— Ջանըմ․ կազակ ինչ կուզե, թող ընե մեզի, միայն թե մեր երկրեն չերթա։ Մենք գոհ կըլլանք գարու հացով ալ.․․

IX

Պատրաստվում ենք ուղևորվելու Դիադին։ Սմբատ Խաչատրյանից չափազանց անհանգիստ է։ Եվ ունի իրավունք։ Բանն այն է, որ մեր ձիերի պայտերը մաշվել են, իսկ նրա ձին բոլորովին չունի պայտեր։ Ամեն քայլում սայթաքում է սառույցների վրա։ Դա մի վտանգավոր բան է, որ կարող է դժբախտություն առաջ բերել։

Բարեբախտաբար կամավորներից մեկն եկավ և ավետեց, որ բարի կազակները մեր բոլոր ձիերի պայտերը նորոգել են։ Լուրը մեզ ուրախացրեց, որովհետև մեզ