Ղարա֊Քիլիսայումն ենք։ Մի կենտրոնական մեծ ավան, ուր գտնվում է զորարամնի շտաբը։ Հազիվ զարթնել ենք և դեռ մեզ կարգի չենք բերել, արդեն մեր կացարանը պաշարվել է այցելուների ահագին խմբերով։ Մարդիկ եկել են շրջակա գյուղերից իրենց թշվառությունները մեզ պատմելու և օգնություն խնդրելու... ապագայի համար...
Դարձյալ քաջալերական խոսքեր, որ արդեն դարձել են թութակի երգ և ինձ զզվեցնում են, նույնիսկ կարեկցության զգացումը սկսում է բթանալ, ինչպես, առհասարակ, ամեն մի զգացում։ Յոթն օր է միևնույն ներվերին շարունակ զարկում են մուրճով միևնույն հարվածով, միատեսակ տաղտկալի և միատեսակ նողկալի։
Գնացինք զորաբաժնի գլխավոր գեներալ֊լեյտենանտ Ա.֊վի մոտ։ Հարկավոր էր նրան հայտնել մեր մարշրուտը։ Որոշել էինք գնալ Դութաղ մեր կամավորների հետ տեսնվելու հետո անցնել Բասեն։
— Այդ ես չեմ կարող թույլ տալ,— ասաց գեներալը դրականորեն։
— Ինչո՞ւ։
— Որովհետև ներկայումս Դութաղի մոտ տեղի ունի ճակատամարտ, որին մասնակցում են և ձեր կամավորները։
— Մեզ այնտեղ մղողն իսկ և իսկ այդ է։
— Անհնարին է։ Թուրքերը կարող են ձեզ գերի վերցնել։ Ես այդ աշխարհական պարոնների մասին չեմ հոգում, այլ ձեր մասին, սրբազան։ Զինվորականներս կխայտառակվենք, եթե դուք ընկնեք թուրքերի ձեռքը։ Ոչ, ոչ, թույլ չեմ տա։
— Ինչո՞ւ գեներալ Բ․-ց չվախեցավ թույլ տալ Վրաստանի էկզարխին կռվի դաշա գնալու և մոտիկից տեսնելու ճակատամարտը։
— Դեռ հարց է, լա՞վ էր, որ գլխավոր հրամանատարդ թույլ տվեց էկզարխին գնալու պատերազմի դաշտը, թե՞ չէ։ Բայց ինչ վերաբերվում է ինձ, ես հակառակ եմ․․․
Մենք հասկացանք գեներալի ետին միտքը։ Նա չէր ուզում, որ մենք հանդիպենք մեր կամավորներին։
— Իսկ Ալաշկերտ կարո՞ղ ենք գնալ։
— Կարող եք։