Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աղան։ Մերթ Խաչատուրը և երբեմն Միհրան անունով մի վաճառական։

Վերջապես, երկար առաջաբանից և տատանումներից հետո փաշան հայտնեց իր այցելության բուն նպատակը։ Գանգատվեց, որ հայերը քշել են նրա տավարն ու ոչխարների և տարել իրենց գյուղերը։

— Ուրեմն, դուք կողոպտվե՞լ եք, փաշա։

— Այո։

— Ինչո՞վ կարող ենք մենք օգնել ձեզ։

— Միջամտեցեք, որ իմ սեփականությունն ինձ ետ տրվիք Քովս նստած կարմրերես տղամարդը չկարողացավ իրեն զսպել և վրդովված գոչեց․

— Դո՞ւք եք գանգատվում հայերի վրա, փաշա։ Եվ մի դառն երկարատև ծիծաղ ընդհատեց նրա խոսքը։ Ապա նա զայրացած սկսեց թվել «կողոպտված» փաշայի արածները, այն չարիքները, որ նա պատճառել է իրեն և ուրիշ շատ ու շատ հայերի։ Գուցե նա երկար ժամանակ խոսեր եթե մեր ներկայությունը չզսպեր նրան։

Պարզվեց, որ իրավ մի քանի, հայեր զինված հարձակվել են Սելիմի ծառաների վրա և նրա տավարի մի մասը տարել։ Բայց այդ եղել է ոչ փաշայի սեփականությունը, այլ չնչին մասն այն ավարի, որ խլված է հայերից։

— Ներեցեք, փաշա,— ասաց եպիսկոպոսը,— մեր իրավունքներից դուրս է այդ տեսակ գանգատներով զբաղվել։ Մենք դատավորներ չենք։ Դիմեցեք գեներալի օգնությանը։ Փաշան ոչինչ չասաց, գլուխ տվեց և հեռացավ, մի կատաղի հայացք ձգելով կամրերես հայի վրա․․․

Նույն օրն եկան երկու թուրք գյուղացիներ, որոնցից մեկը մոլլա էր, և գանգատվեցին, թե Վահան անունով մի ուսուցիչ Խիգեր գյուղից ինչ֊որ Սաքոյի, Մուշեղի և Մխոյի հետ. հարձակվել են թուրքական Փոխան գյուղի վրա և թալանել․․․ Նույն պատասխանն ստացան նրանք, ինչ որ Սելիմ փաշան։

— Ասացեք ինձ անկեղծ,— դիմեցի ես մի ռուսահայի, որ պատերազմի սկզբում ռուս զորքերի մեջ էր եղել,— արդարացի՞ են այդ գանգատները։