— Դժբախտաբար, մասամբ, այո,— պատասխանեց ռուսահայը, որ բնավ ստելու շարժառիթ չուներ,— գոնե ես անձամբ կարող եմ վկայել հետևյալը։ Երբ մեր զորքն եկավ այստեղ, հայերը, իհարկե, ընդունեցին նրան ոգևորությամբ։ Այն Ժամանակ նրանցից շատերին հրացաններ տվեցին զորքին օգնելու և առաջնորդելու համար։ Միառժամանակ նրանք իսկապես օգտակար եղան։ Բայց շուտով թողեցին կռվի դաշտը և սկսեցին կողոպտել քուրդերին։ Կարող եմ ասել, որ մինչև անգամ այստեղ եկող լալկանների մեջ ոմանք, որոնց տներում կամ խանութներում կգտնեք թալանած ապրանք։
XIV
— Այդ ցավալի է, շատ ցավալի,— արտասանեցի ես։
— Այո, իհարկե,— համաձայնվեց ռուսահայը,— բայց ես շատ էլ չեմ մեղադրում այդ մարդկանց։ Նրանք քուրդերից ետ են խլում իսկապես իրանց սեփականությունը, այն էլ, իհարկե, նրա մի աննշան մասը։ Դա ավելի վրեժխնդրություն է, քան ընչասիրություն։ Բայց մեր ճակատագիրը դժբախտ աստղի տակ է կազմված, այս է, որ աչքի առաջ չունեն այստեղի հայերը։ Նրանք չեն ուզում հասկանալ, որ հայի անթիվ հակառակորդները պատրաստ են մեր ամենափոքրիկ սխալը ազգային հանցանքի վերածել։ Եվ ահա նույնիսկ ռուս մեծավորները, մասնավոր դեպքերն ընդհանրացնելով, ասում են. «Հայերն այժմ միայն կողոպուտով են զբաղված»։ Դա է, որ ահագին վնասներ է տալիս մեր հայրենակիցներին։ Դա Է, եթե կամենաք, գլխավոր պատճառը, որ այլևս նրանց զենք չեն տալիս ինքնապաշտպանության համար։
— Բայց մի թե իրենք, հայերը չեն կարող արատից մաքրել իրենց անունը, զսպելով կամ նույնիսկ պատմելով մասնավոր կողոպտիչներին։
— Կարող են, իհարկե, եթե կամենան և շատ լավ կլիներ, եթե անեին։ Բայց չեն անում, այս Է ցավալին։
Երեկոյան գեներալը լուր ուղարկեց մեզ, թե մեր նախագծած երկրորդ ուղղության վրա մարտական ընդհարումներ