Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թուրքերին Հովսեփ քահանա Տեր֊Մինասյանցի դեմ, բայց չասացին, ով է նրանց համար թարգմանել հանգուցյալի գրածները․․․

Ռուս զորքերի հաղթական արշավանքի լուրը Ալաշկերտ հասնելուն պես գազանության առաջին զոհը դառնում է ապաբախտ հայրենասերը։ Կարծես մի խեղճ հայ քահանա է եղել այդ արշավանքի սկզբնապատճառը։ Թուրքերը բռնում են նրան, ծեծում, անարգում, տանջանքների ենթարկում։ Այնուհետև կտրում են նրա գլուխը, աչքերը հանելուց հետո, տնկում են մի ցցի վրա և երեք օր, երեք գիշեր շրջեցնում Ալաշկերտի փողոցներում։

Հայերը ահաբեկվում են։

Մինչև տեր֊Նիկոլի «ի վերջին՝ Երուսաղեմը» արցունքներ էր կորզում հանդիսականների աչքերից, մի մարդկային մարմին սփռվեց երեսն ի վար գերեզմանի վրա և գրկեց նրան ինչպես կենդանի տապանաքար։

— Ո՞վ է այդ ողորմելին։

— Սպանվածի հորեղբայրը։

— Հայր չունի՞։

— Ունի, Ղարսում քահանա է։

— Չ՞ի տեսել իր որդու դիակը։

— Ոչ։

— Գերեզմա՞նը։

— Ոչ։

— Ինչո՞ւ։

— Ճանապարհի ծախս չունի գալու։

— Իսկ ընտանի՞քը սպանվածի։

— Չորս փոքրիկ զավակներ է թողել, առանց որևէ ապավհովության։

— Ի՞նչ են անում նրանք։

— Թափառում են դռնեդուռ իրենց մոր ձեռքը բռնած․․․

XVI

Ալաշկերտից տասնուհինգ վերստ հեռու կա Խասթիր անունով մի գյուղ, բաղկացած 160 տներից, որոնց կեսը լուսավորչական է, մյուս կեսը կաթոլիկ։