Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դիմադրել Ապուշ մըն է։ Համիդ դիպլոմասի գիտեր։ Խորամանկ այ էր։ Իթթիհատ չկրցավ փրկել Թուրքիա։ Պիտի կործանվե մեզի ըրած չարիքներուն մեղքով... ճշմարիտ կսեն։

Ապա ծերունին պատմեց վերջին անցքերը։ Երրորդ ռուս-թուրքական պատերազմի աղետն էր տեսնում նա։ Ներկայինն էր նա համարում ամենաաղետավորը։ Առաջ էլ կողոպտում էին, կոտորում, բռնաբարում, բայց առաջվա թուրքի ախորժակը չափ ուներ և քուրդի դաժանությունը սահման։ Թուրքը այլասերվել է։ Նա ոչ առաջվա պես քաջ է և ոչ բարի։ Իսկ քուրդը լրբացավ այն օրից, երբ Սուլթան-Համիդը նրան դարձրեց քաղաքական զենք, կաշառելով ցեղապետներին։ Սակայն հայը դարձյալ կկարողանար նրա հետ հաշտ ապրել, եթե չլինեին արյունռուշտ աշայիրները և մոլեռանդ շեյխերը։

− Ճիշտ է, որ քուրդը քաջ է,— հարցրի ես ծերունու կարծիքն իմանալու համար։

Նա հեգնորեն ժպտաց։

— Քա՜ջ,— գոչեց ծերունին, ընդունելով իմ առաջարկած ծխախոտը,— անոր քաջությունը անզեններուն, կանանց ու ծծկեր մանուկներուն համար է։ Թող ռուս տա ինձ քառասուն հրացանակիր կազակներ, քանի՛ մը օրեն ամբողջ Ալաշկերտի շրջան կմաքրեմ քրդերեն։

Ես չվիճեցի ծերունու հետ։ Գուցե նրա ասածը սնոտի պարծենկոտություն չէր, գուցե նա քառասուն հրացաններով քրդերի հազարավոր խմբերը կվաներ, բայց մի բանում ես ճիշտ, խորապես համոզված էի, որ մյուս օրն ևեթ նա հրացանները կշպրտեր դեն արհամարհանքով։ Որքան կարողացել եմ դիտել, հայն առհասարակ զենք չի սիրում։ Նրա հոգեբանությունը հաշտվում է սրի հետ միայն բացառիկ դեպքերում, երբ հարկադրված է։ Չկան այդ դեպքերը, չկա և զենք։

Ապացույց Կովկասյան հայ֊թրքական ընդհարումների նախօրյակն և հաջորդ օրը...

Խոսվեց Զեթկանի մասին։ Հայտնվեց, որ այդ, արտաքուստ այնքան խղճուկ, դյուզն ամենահարուստն է Ալաշկերտի շրջանում։ Հարուստ մանավանդ վարելահողով։ Յուրքանչյուր տուն ունի առնվազն 300 դեսյատին։ Կան այնպիսի