Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընտանիքներ, որ ունեն 5—6 մինչև 7—8 հարյուր և ավելի։

Ծերունի Պողոսն իր հինգ որդիների հետ 1000 դեսյատին Աքի՜ տանի հողի տեր է։ Բացի երկրագործությունից, գյուղը պարապում է և խաշնարածությամբ։ Ներկայումս գյուղում ապրանք չի մնացել։ Քուրդերը բոլորը քշել են լեռն․ ռուսների գալուց մի քանի օր առաջ միայն Պողոս Մուրադյանից նրանք խլել են 100 գլուխ եզներ ու կովեր և 400 ոչխար։

— Էհ,— ավելացրեց ծերունին,— հոգ չէ։ Թող պատերազմ դադարե, երկիր խաղաղվե, իմ զավակներ նորեն կվաստակեն։ Անոնց կյանքի ապահովությունն է, որ զիս մտահոգություն կպատճառե։ Ըսեք, սրբազան, ռուս երկու անգամ մեր երկիր գրավեց ու ձգեց, գնաց․ նորե՞ն պիտի ձգե։

Պատասխանն եղավ նույնը, ինչ որ ամենուրեք, անհամության հասած թութակի երգ։

— Դարեր եք համբերել, համբերեցեք մի փոքր էլ, ազատությունը հեռու չէ...

Ծերունու ձեռները դողացին ուրախ հուզմունքից։ Նա գոչեց։

— Ահ, կաղաչեմ աստծուն։ Այն ատեն կմոռնանք բոլոր աղետներ.․․

— Հարկավ, հարկավ,— ձայնակցեցին մյուս գյուղացիները ուրախությունից իրարու բոթելով։

Մի պառավ կին, որ կուչ էր եկել դռների մոտ, ծանր հառաչեց և ջլուտ ձեռքերը բարձրացրեց վեր։

Մի ութ տարեկան մանուկ, որ կպած էր նրա փեշերից, վազեց դուրս, երևի, ուրախ լուրը մյուս կանանց հայտնելու։

Նույնիսկ լուռ ու մռայլ վարդապետն իր ոսկրոտ կոկորդից արձակեց ուրախության հնչյունի պես մի բան և փոխեց իր երկայն ծնկների անշարժ դիրքը։

Մարդիկ ցրվեցին ապագա դրախտի հույսերով ներշնչված։

Իմ հուշատետրում այդ օրվա համար կարդում եմ։ «Ուշ գիշեր է։ Ընկերներս քնած են։ Երանի նրանց։ Մի ծանր նախազգուշացում պաշարել է ինձ և քունս փախցրել։ Լսվում է շների միապաղաղ ոռնոցը գիշերային լռության մեջ։ Ի՞նչ են գուշակում նրանք։ Զգում են ինչ-որ