Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այժմ ես զգում եմ խղճի սուր խայթոց, երբ մտաբերում եմ այն սնոտի հույսերը, որ մենք ներշնչեցինք այդ թշվառներին մեր այցելությամբ և մեր քիչ մտածված խոսքերով.

«Դարեր եք համբերել, համբերեք մի փոքր էլ, ազատությունը հեռու չէ․․․

Այո, նա հեռու չէ,— ազատությունը կյանքի անիրավություններից․․․

XIX

Հազիվ Զեթկանից մի քանի վերստ հեռացել էինք, երբ հանդիպեցինք մի խումբ ձիավորների։

Արմեն Գարոն էր, մեր կամավորների երկրորդ խմբի պետը իր մի քանի ընկերների հետ, որոնցից մեկը քահանա էր։

Թուրքահայ հեղափոխականների մեջ Արմեն Գարոն է, որ ինձ վրա թողել է լավագույն տպավորությունը և ինձ համար հաճելի էր այդ ամայի անապատում հանդիպել մի քաղաքակիրթ եվրոպացու ու մի-երկու ժամ վայելել նրա ընկերությունը։

— Ի՞նչպես են տղերքը։

— Շատ լավ,— պատասխանեց Գարոն ուրախ֊զվարթ։

— Կնշանակե գործերն հաջող են ընթանում։

— Անպայման։ Մի քանի օր առաջ ունեցանք մի նոր ընդհարում քուրդերի հետ։ Մաքուր գործ էր։ Ցավում եմ, որ չեկաք տեսնելու։

Ես նկատեցի, որ անսովոր պատերազմական կյանքը բավական քայքայել է մարդու երկաթյա կազմվածքը։

— Չե՞ք հոգնել, Գարո,— Հարցրի ես, նայելով նրա նիհարած և խորշերով ծածկված երեսին և արդեն մոխրագունած մազերին։

— Պիտի գամ Թիֆլիս մի քանի օր հանգստանալու։

— Հետո՞։

— Հետո, իհարկե, դարձյալ դեպի գործ։

— Լա՞վ են կռվում տղերքը։

— Ոմանք լավ, ոմանք անփորձ, ընդհանրապես անձնվեր,