— Այժմ հերթը ձերն է,— ասաց մեզնից մեկը, չեմ հիշում ով։
Ավա՜ղ, այդպես չեղավ։ Քուրդը դեռ չէր վերջացրել իր դերը։ Ճակատագիրը Զեթկանի և նրա հարևան Մոլլա֊Սուլեյման նույնպես հայաբնակ գյուղի համար պատրաստել էր հարվածներից ամենասոսկալին։
Հազիվ մեր այցելությունից մի շաբաթ անցած էր, երբ ռուս զորքը հրաման ստացավ ձգել Ալաշկերտի հովիտը և նահանջել դեպի սահմանագլուխ։
Ահաբեկված հայ ազգաբնակությունը թողեց ամեն ինչ և շտապեց իր կյանքը միայն ազատելու, հետևելով ռուս զորքին։ Սկսվեց մի գաղթականություն, որի նմանը Շահ-Աբասի օրերն էին միայն տեսել։
Զեթկանն ու Մոլլա֊Սուլեյմանը, ընկած լինելով Ալաշկերտի խորքում, չկարողացան միանալ գաղթականների հոսանքին և կործանվեցին։
Ահա ինչպես է նկարագրում մի ականատես միայն Մոլլա֊Սուլեյմանի պատկերը, երբ ռուս զորքերը նորից գրավում են հովիտը։
«Առաջին օրը մեր կազակները արյունաշաղախ փողոցներում ժողովեցին տասնևյոթ ծերերի, տասնուինը կանանց և քսանուհինգ երեխաների դիակներ։ Եվ ի՜նչ դրության մեջ, աստված իմ։ Անարգված, հոշոտված, պղծված։ Այստեղ գլուխներ, այնտեղ ոտքեր ու ձեռներ։ Այստեղ կանանց ծծեր, այնտեղ նրանց մարմինները։ Ծերերի աչքերը դուրս բերված։ Մանուկների բազուկները կտրտած, երևի, մայրերի փեշերից պոկելու համար։
Եվ պետք է տեսնենք, ինչպես էին լալիս մեր կազակները, արցունքները սրբելով իրենց թևերով։ Մարդիկ, որոնց զգացումները բովվել էին արյան և կրակի մեջ, փափկել էին ինչպես երեխաներ։
Ինչ վերաբերում է ինձ, չկարողացա կթել տեսարանի կսկիծը և հեռացա։
Զեթկան չկարողացա մտնել։ Արդեն տեսածս բավական էր, որպեսզի հավիտյան չմոռանամ։ Բայց ընկերս պատմեց, որ նույնն է եղել և այնտեղ»...