Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայացքները դարձան Վերին Սարիղամիշի կողմը, որ գտնվում է երեք վերստի վրա, բլուրների մեջ։

Պլատֆորմի վրա երևաց գեներալ Մ․֊կին՝ ձեռին մի ահագին հեռադիտակ, շրջապատված գլխավոր շտաբի օֆիցերներով։

Հրացանաձգությունը քանի գնում սաստկանում էր։ Պարզ էր, որ կռիվը հետզհետե մոտենում էր Սարիզամիշին։

Պլատֆորմով անցկացրին մի խումբ թուրք գերիներ, որոնք բերում էին Միջինկերտից։ Ասացին, որ գերիներից յոթը հայեր են։ Զինվորները նրանց քշեցին և թափեցին ապրանքատար վագոնների մեջ։

— Տեսնո՞ւմ եք վիրավորյալներին,— դարձավ ինձ մի սրատես։

— Ո՞ւր են։

— Այ, դիմացի լեռան վրա։ Նրանց իջեցնում են թևերից բռնած։

Ամբոխի միջից լսվեց կանացի հեկեկանք։ Նայեցի էլեգանտ տիկիններից մեկն էր, մայրը թե քույրը մի անբեղ անմորուս օֆիցերի, որ կանգնած էր նրա առջև գունատ, ինչպես կտավ։

— Հանգստացիր,— քաջալերում էր պատանին ավելի իրեն, քան տիկնոջը բռնազբոսիկ ժպտալով,— մենք առայժմ պահեստումն ենք։ Դե լավ, բավական է։ Դեռ, փառք աստծու, կենդանի եմ։ Դատարկ բան է, ավազակների խումբ է, իսկույն կցրենք դեսուդեն։

Տիկինը շարունակ հեկեկում էր։ Պատանի օֆիցերը, արագ գրկելով նրան՝ համբուրեց և չքացավ ամբոխի մեջ։

Օրը մթնում էր։ Միակ մարդատար գնացքն արդեն պատրաստվում էր ուղևորվելու։ Ով գիտե, գուցե վերջինն է, մտածեցինք մենք և սկսեցինք հոգալ տեղերի մասին։ Գեներալ Մ․֊կին բարին եղավ մեզ և բաքվեցիներին հատկացնել առանձին վագոն։

Այնինչ խուճապն արդեն կատարում էր իր գործը։ Ամբողջ Սարիղամիշը դիմում էր դեպի կայարան։ Պլատֆորմն արդեն լիքն էր կանանցով ու երեխաներով։

— Պապա,— լսեցի հանկարծ ամբոխի միջից։