Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որդիս էր, որ ամբոխը ճեղքելով մոտենում էր ինձ։ Լսելով իմ Սարիղամիշում գտնվելու մասին, նա շտապել էր Միջինկերտից գալ ինձ հետ տեսնվելու համար։

Հանդիպումն ինձ այնքան չուրախացրեց, որքան տրտմեցրեց։ Նախազգում էի, որ շուտով թուրքերը պիտի Սարիղամիշը կտրեն Միջինկերտից, այսինքն գեներալ Բ.-ի զորաբանակից, որ այդ ժամանակ գտնվում էր Միջինկերտից էլ 25 վերստ հեռու, թուրքական հողի վրա։

— Դու պիտի վերադառնա՞ս,— հարցրի ես սրտատրոփ։

— Պարտավոր եմ։

— Իսկո՞ւյն։

— Ոչ, վաղն առավոտյան կանուխ։

— Բայց լսո՞ւմ ես հրացանների որոտը։

— Օթոմոբիլը մի ժամում ինձ Միջինկերտ կհասցնե, և ես կլինեմ շտաբում։

— Եթե միայն թուրքերը ճանապարհ տան։ Մենք բաժանվեցինք։ Երբ նա անհայտացավ իրիկնային մթության մեջ, արցունքը խեղդեց կոկորդս, և ես չկարողացա ինձ զսպել։ Անողոք է պատերազմը․․․

Իմ չար նախազգացումն արդարացավ. մեր դուրս գալու երեկո թուրքերը Սարիղամիշը կտրեցին Միջինկերտից։ Վերադառնալով Թիֆլիս, ամբողջ երեք շաբաթ ես լուր չունեի որդուս մասին։ Բոլոր իմ հեռագիրները մնացին անպատասխան։ Միայն ամբողջ երեք շաբաթ անցած լուր ստացա որդուցս։ Հայտնվեց. որ նա տասներկու օր գտնվել է մի կողմից ռուս, մյուս կողմից թուրք ռումբերի ու շրապնելների տարափի տակ մի գեներալի և երկու գնդապետների հետ փակված Սարիղամիշի տնակներից մեկում։

Այսպես, ուրեմն, մենք վերադարձանք Թիֆլիս, հնարավորություն չունենալով կատարել մեր վրա դրված պարտականությունը․․․