Այա Սոֆիան տեսնելուց հետո՝ ի՞նչ միտք ուներ այցելել մյուս մզկիթները։ Նրանք արտաքուստ և ներքուստ այնքան նման են իրարու, որ, կարծես, բոլորը միևնույն հետևողութամբ են կառուցած։
Բայց ի՞նչպես դիմանալ Փանոս Թերլեմեզյանի, այդ միշտ ծարավ և միշտ որոնող ու ուսումնասիրող արվեստապետի, համառությանը։
— Անպատճառ պետք է տեսնել էյուրի մզկիթը և Կահիրեո Ջամին։
— Շատ լավ,— ասացի մի օր և հետևեցի նրան։
Անցանք Ոսկեղջյուրը նավով, հասանք վերջին կայարանը։ Սթամբուլի ամենահեռավոր արվարձանումն ենք, հռչակավոր գերեզմանոցների աշխարհում— էյուբում։ Այստեղից է, որ Ոսկեղջյուրը ցույց է տալիս իր ամբողջ հմայքը։
Փողոցները լեցուն են կանաչ, մանավանդ ճերմակ յազմաներով։ Նրանք այնքան շատ են, որ կարմիր ֆեսերն անգամ աչքի չեն ընկնում։
Որքա՞ն ծերունիներ, ի՜նչ փառահեղ դեմքեր և ձյունի պես ճերմակ մորուքներ։ Կարծես բիբլիական նահապետներին հատկացված մի առանձին աշխարհ է այդ արվարձանը։ Պատերի տակ, շեմքերի վրա, ղահֆեխանաների ներսում ու դրսում, նստած կամ կկզած, նրանք ծուլորեն ծծում են նարգիլեն խորհրդավոր դեմքերով և մերթ ընդ մերթ դանդաղորեն մոտեցնում իրենց շրթունքներին ղահֆեի մատնոցաչափ գավաթները։
Նայելով այդ պատկառելի դեմքերին և հիշելով դեռ մերձավոր անցյալի դեպքերը, մարդ ակամա մտածում է՝ մի՞թե այդ մարդիկ կարող էին լինել այնպես արյունարբու, որպես նկարագրում են նրանց։ Եվ ի՜նչ է այն դիվային ուժը, որ մերթ ընդ մերթ ստիպում է նրանց դեն ձգել այդ թմրեցուցիչ նարդիլեն և յաթաղանը վերցնել անմեղ մանուկներին ու անպաշտպան կանանց կոտորելու համար։
Հիշում եմ, մի օր, երբ Իշխանաց կղզում հյուր էի մի հայ ընտանիքում, ճաշից հետո դուրս եկանք պատշգամբ սուրճ խմելու։ Անցորդների մեջ իմ ուշադրությունը գրավեց մեկը։