Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ռա մի պատկառելի ծերունի էր՝ բարձրահասակ, պարթև, երկայն ու ձյունի պես ճերմակ մորուսով, վեհ քայլվածքով, գեղեցիկ։ Կատարելապես Արքա Լիր։

— Ի՜նչ սքանչելի մարդկային կերպարանք,— գոչեցի ես, հիացած։ Ալեզարդ տիկինը դառը ժպտաց և, տխուր հառաչելով, արտասանեց.

— Այո, սքանչելի, բայց այդ ծերունին մի օր պարծենում էր, որ մի անգամ ութ ժամ շարունակ հայեր է կոտորել։ Եվ գանգատվում էր, որ ձեռքը հոգնել էր։

Ես ցնցվեցի։ О՜о, Սաթայել է հրեշտակապետի կերպարանքով։

Էյուբի մարմարյա մզկիթն ամենանվիրականն է մուսուլմանների համար։ Մահամմեդ Հաղթողն է շինել տվել նրան ի հիշատակ Մեծ Մարգարեի դրոշակակիր էյուբի, որ 668 թվին Կ․ Պոլսի պաշարման ժամանակ սպանվել է։ Այդտեղ է պահվում Մարգարեի սրբազան սուրբ, և այնտեղ են նոր սուլթաններն իրանց գահակալության առաջին օրը գոտևորվում Օտտոմանի թրով։ Մի հատուկ նշանակված հոգևորական գիշեր֊ցերեկ հսկում է նվիրական իրերը, խուլ ձայնով կարդալով սրբազան Ղուրանը։

Կահիրեի մզկիթը նշանավոր է իր մոզաիկներով։ Ամենահինն է բոլոր մզկիթների մեջ։ Նա նախկին վանք է, կառուցված երրորդ դարի վերջերում Հուստինիանոսի օրերով։ Այդ վանքի մեջ է իր օրերն ավարտել նշանավոր պատմաբան Նիկիֆոր Գրիգորասը։

Փանոս Թերլեմեզյանը հիացմամբ դիտում էր կիստվեր մոզաիկները։ Ես շատ էլ չէի բաժանում նրա հիացումը։ Ինձ վրա գեղեցիկն ազդում է, երբ նա միացած է ուժի հետ։ Նրբությունը, իրավ է, շոյում է իմ տեսանելիքը, բայց չի ցնցում իմ հոգին, չի կլանում իմ էությունն ամբողջովին, ինչպես օրինակ երաժշտությունն ու դրաման—արվեստների այդ երկու քույր թագուհիները...

Բարձրացանք բլուրի վրա ցրված գերեզմանոցները, անցանք գերեզմանների անվերջ շարքերի միջով։

Զուր չէ ժողովրդի երևակայությունն ստեղծել այնքան