Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴԱՐԴԱՆԵԼԻ ՆեՂՈՒՑՈՎ

Մեր ուղևորվելու օրը Կ. Պոլիսը մեզ հյուրասիրեց բնության սքանչելի խաղերից մեկով։

«Գալիցիա» շոգենավը խարիսխ էր ձգել ափից հեռու, այնտեղ, ուր Բոսֆորը գրկախառնվում է Մարմարայի հետ։

Ճիշտ այն պահին, երբ նավակ նստեցինք, առավոտից սկսած անձրևը փոխվեց հեղեղի։ Մինչև շոգենավին հասնելը նավակը կիսով չափ լցվեց ջրով։ Թուրք թիավարները երկինքն անիծեցին, բայց մեզ անվտանգ տեղ հասցրին, հարկավ ոչ ախորժելի վիճակում։

Մինչ ես իմ խցիկում զբաղված էի հագուստ փոխելով, դրսում բնությունը պատրաստում էր մի մոգական տեսիլ։

Երբ ելա տախտակամածի վրա, մնացի ապշած։ Հեղեղը դադարել էր, ամպերը չքացել էին, բայց նրանց հետ չքացել էին և Բոսֆորն իր ափերով, և հեռավոր լեռներն ու բլուրները, և մերձավոր Կադը-Քյոյը, Սկյութարը, Կ. Պոլիսը, ամեն ինչ։ Մնացել էր միայն մի բան—երկինքը։ Մի բաց մանիշակագույն թափանցիկ վրան ոչ միայն մեր վերը, այլև չորս կողմը, վարը։ Մեր շոգենավը, որ տեղից չէր շարժվել տակավին, թվում էր օդի մեջ կախված։ Ուրիշ նավեր չկային, միայն հեռու, շատ հեռու երևում էին երեք առագաստավոր, սև, ինչպես թևատարած ագռավներ։ Երեքն էլ ծովի վրա չէին, այլ երկնքում, որովհետև ծով չկար։

Տպավորությունն այնպես էր, որ ինձ թվում էր, թե մենք երկնքի մեջ ենք։ Շոգենավը մեղմիկ օրորվում էր։ Ես այնքան ազդվեցի այդ տարօրինակ երևույթից, որ սիրտս սկսեց ուժգին բաբախել։ Բայց ուրախ էի, այնքան ուրախ, որ ուզում էր գոռալ աղաղակել։ Կարծես նույն վիճակում էին և մյուս ճամփորդները։ Ամենքը բերանբաց և անշարժ դիտում էին տեսարանը։ Միայն շոգենավի ապասավորներն ու նավազներին էին անտարբեր։

Աղջիկս իր խցիկում էր։ Ուզում էի վազել, դուրս կանչել նրան, բայց տեսարանն ինձ կախարդել ու կաշկանդել էր իր անօրինակ գեղեցկությամբ։

Վերջապես, մանիշակագույն ջղարշն սկսեց հետզհետե