Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նոսրանալ և հանկարծ չքացավ, ինչպես էլեկտրական լույսը։ Ծովն անջատվեց երկնքից, և նորեն ամեն ինչ ստացավ իր բնական կերպարանքն ու գույները։

— Միրաժ էր,— ասացին նավազներն անտարբերությամբ, — մեզ համար նոր երևույթ չէ։

«Գալիցիա»֊ն շարժվեց և, քերելով Սթամբուլի, ապա Իշխանաց կղզիների խոնավ ափերը, անցավ Մարմարայի խորքը։

Մնաս բարև, Կ. Պոլիս։ Վերադարձին կտեսնվենք, եթե ճակատագիրը կամենա։

***

Ամբողջ գիշերը չկարողացա քնել։ Վայ այն ճամփորդին, որ անախորժ ուղեկիցների հետ է։

Այս անգամ կաբինի հարևաններս էին երկու թոքախտավոր արաբներ, որ գնում էիք, Եգիպտոս բժշկվելու։ Մեկը նրանցից շարունակ հազում էր ու մրթմրթում, մյուսն անընդհատ զառանցում էր, մերթ ընդ մերթ գոռալով խոզ ձայնով, որ, կարծես, դատարկ կարասի խորքերից էր գալիս։

Առավոտյան ոտքի ելա կանուխ և առաջինը բարձրացա տախտակամածի վրա։

Մարմարան անցել էինք գիշերով, մոտենում էինք Դարդանելին։ Եղանակը պարզ էր, ծովն անդորր։ Անհանգիստ ճայեր սավառնում էին շոգենավի շուրջը և, մերթ ընդ մերթ վար իջնելով, կտցահարում էին ծովի մակերեսը։ Ուտելիք էին որոնում իրանց համար։

Մեկը մյուսի հետևից դուրս եկան ճամփորդները, շատերը զինված՝ հեռադիտակներով։

Ծովն սկսեց հետզհետե սեղմվել, ափերը մոտեցան իրարու։ Ասիան և Եվրոպան, որ գիշերը բաժանվել էին միմյանցից, նորեն եկան դեմառդեմ։

Մտանք հռչակավոր նեղուցը։ Ահա սկսվեցին երևալ ամրոցներն ու զորանոցները։ Բոլորն աջ, այսինքն եվրոպական ափերի վրա են։ Ձախ ափերի վրա երևում են ինչ֊որ կանոնավոր քառակուսի հողաթմբեր։ Ասում են, թնդանոթներ կան նրանց մեջ։ Չգիտեմ, ոչինչ չեմ տեսնում։