Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

***

Մյուս օրը Իզմիրի, ապա Աթենքի հունական թերթերը, տպելով իմ ճառը Պ. Ռոդասի նամակի հետ, իրանց ջերմ համակրանքն արտահայտեցին հայ ժողովրդի հանդեպ։ Իսկ երր ես անձամբ գնացի իմ փոխ-շնորհակալությունը հայտնելու, Պ. Ռոդաս հույն մտավորականության կողմից ինձ հրավիրեց Աթենք։

— Իբրև հայ գրականության ներկայացուցիչ,— ասաց նա,— դուք կլինեք հույն մտավորականության հյուրը, և մենք ձեր տրամադրության տակ կդնենք մեր լավագույն շոգենավերից մեկը։

Համանման վերաբերմունք դեպի հայերը ես տեսա բոլոր հույների կողմից, որոնց հանդիպեցի իմ երկամյա ճանապարհորդության ընթացքում։

Պ. Ռոդասի նամակը մի նոր փաստ է ինձ համար նորեն պնդելու, որ գրականությունը, թատրոնն ու արվեստներն են ազգերի հարաբերությունները մաքրելու և բյուրեղացնելու լավագույն միջոցները։ Հայ֊վրացական տխուր հիշողության արժանի ընդհարումների ժամանակ միայն վրացի և հայ գրական ու թատերական գործիչներն անխախտ պահեցին իրենց փոխադարձ բարեկամությունը։

Իզմիրում գտնվածս միջոցին այնտեղ էր Աթենքի թատերական խումբը։ Մի երկու անգամ, հարգելով խմբի հրավերը, գնացի նրա ներկայացումներին և ուրախությամբ տեսա, որ հանդիսականների մի պատկառելի մասը հայեր են։ Այս առիթով հույն դերասաններն ինձ արտահայտեցին իրենց խորին հաճույքը։ Ի դեպս հույներն ունեն խոշոր բեմական ուժեր, որոնցով կարող են պարծենալ, իսկ դերասանուհի տիկ. Կիվելին կարող է հավասարվել եվրոպական որևէ առաջնակարգ թատրոնի աստղին։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իզմիրն իր դիրքով գեղեցիկ է։ Նրան գեղեցկացնողն իր հրաշալի ծովածոցն է։ Իբրև նավահանգիստ նա համարվում է առաջնակարգ թե՛