իր ընդարձակությամբ և թե իր բնական պատնեշների ապահովությամբ։ Միակ թերությունն այն է, որ շոգենավերը կանգնում են քարափից հեռու։ Դա բավական դժվարացնում է ճամփորդների երթևեկը, ենթարկելով նրանց փոքրիկ անախորժությունների, ինչպես, օրինակ, հույն ու թուրք նավակավարների և բեռնակիրների ագահությանն ու խաբեբայությանը։ Իզմիր այցելող ճամփորդը այդ գիշակերների համար մի որս է և, որքան ևս նա զգույշ լինե, չի կարող խուսափել նրանց հարստահարությունից։
Քաղաքը տարածվում է ծովածոցի ուղղությամբ։ Տները, անֆիթեատրի ձևով հետզհետե վեր բարձրանալով, ծածկում են կռնակի լեռան լանջը, ուսկից բացվում է մի սքանչելի տեսարան դեպի ծովն ու ցամաքը։
Փողոցները շատ նեղ են, սալահատակները վատ, բայց մի աստիճան պակաս կեղտոտ, քան Կ. Պոլսում։ Ընդհանուր տպավորությունն Իզմիրի այնպես է, որ, կարծես, դա քաղաք չէ, այլ մի հսկայական քարվանսարա բազմաթիվ բաժանմունքներով և միջանցքներով։ Այստեղ ճամփորդն իրան զգում է թեև ավելի ընտանի, քան Կ․ Պոլսում, բայց մի տեսակ ճնշված։
Փողոցներից միայն մի քանիսն են հարմար կառքերի երթևեկության համար։ Բացի քարափից, գեղեցիկ շենքեր և կանոնավոր պողոտաներ կան միայն քաղաքի աջ թևի վրա, որ անգլիական արվարձան է կոչվում։
Կորտելիա անվանված արվարձանը գտնվում է Իզմիրի դեմուդեմ, ծովածոցի մյուս կողմում։ Դա մի գեղեցիկ վայր է, բնակության համար ավելի հաճելի, քան իզմիրը։ Այստեղ փողոցներն ավելի լայն են, գուցե ավելի մաքուր, տներն ավելի գեղեցիկ։ Հաղորդակցությունը քաղաքի և Կորտելիայի միջև և ծովային է, և ցամաքային։ Գերադասելի է առաջինը։
***
Իզմիրը սրճարանների քաղաք է և քարափը՝ նրանց գլխավոր կենտրոնը։
Օրվա գլխավոր մասը իզմիրցին այնտեղ է անցկացնում։