անամոթության նշան չի համարիլ, այլ, ընդհակառակը, կգովե։
— Ուրեմն ձեր ընտանիքում ընդունվո՞ւմ են քրիստոնյա տղամարդիկ։
— Այո՛, պարոն, իմ հանգուցյալ հայրը շատ քրիստոնյա բարեկամներ ուներ, որոնք հաճախ այցելում էին մեզ։ Մայրս և մենք դիմավորում էինք երեսբաց։
— Ներողություն, օրիորդ, քանի՞ տարեկան եք դուք։
— Տասնուվեց, ես երեք տարով փոքր եմ Լամիյեից, իսկ փոքր քույրս տասնուչորս տարեկան է։
— Մի՞թե ձեր մայրը չի վախենում, որ ձեր մեծ քույրը կամ թեկուզ դուք այդ հասակում կարող եք հափշտակվել որևէ մի քրիստոնյա երիտասարդով։
Նայիլեն նկատելի շփոթվեց, նայեց երեսիս զննող հայացքով և հանկարծ, խոսքը փոխելով, հարցրեց.
— Ներեցե՛ք, ձեր կաբինը ո՞ր շարքումն է։
— Վարի։
— Ուրեմն, մեր շարքում, այսինքն իմ և Լամիյեի կաբինից ոչ հեռու։
— Կարծեմ։
— Ասացեք, խնդրեմ, գիշերները ոչ մի ձայն չե՞ք լսում։
— Ինչու չէ, լսում եմ, ալիքների շփշփոցը, մեքենայի խուլ թնդյունները, երբեմն էլ ձեր արծաթահնչուն ծիծաղը։
— Եվ ուրիշ ոչի՞նչ։
— Ոչինչ։
— Մի անգամ լավ ականջ դրեք և կլսեք, միայն գիշերվա կեսից հետո, երբ ամենքը քնած են։
— Օրիորդ, դուք ինձ հետաքրքրում եք։
— Զեր դուստրն ինձ ասաց, որ դուք վեպեր և թատրոնական երկեր եք գրում, ուրեմն դուք շահիր եք և ձեզ կարելի է խոստովանել ամեն բան։ Դուք կարող եք զգալ ուրիշների վիշտը, Կամենո՞ւմ եք մի սրտաշարժ վեպի համար նյութ ունենալ։ Ահա իմ դժբախտ քույրը, Լամիյեն․․․ Ա՛հ, ներեցեք, նախաճաշի վերջին զանգը հնչեց։ Մայրս կանհանգստանա, եթե սեղանին ուշանամ։ Կպատմեմ Լամիյեի մասին. ձեզ կարելի է պատմել։