Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասաց Նայիլեն ու թռչկոտելով վազեց սեղանատուն, թողնելով ինձ տարակուսանքի մեջ․․․ Սկսվեց մի թեթև հողմ և շուտով փոխվեց կատարյալ փոթորկի։ Միջերկրականի հոյակապ նավը, որ մինչ այդ ժամանակ թվում էր անդրդվելի, նախ կորցրեց իր հավասարակշռությունը, ապա դարձավ խաղալիք կատաղի ալիքներին, որոնք շպրտում էին նրան աջ ու ձախ՝ ինչպես կատուն մի կտոր բամբակ։ Մեր ուղեկիցների մեծ մասը բռնվեց ծովային հիվանդությամբ։ Նախաճաշի սեղանի քով, բացի նավապետից, իր օգնականից ու բժշկից, մնացի ես, աղջիկս, Նայիլեն և մի քանի ճամփորդներ։ Գիշերը փոթորիկը դադարեց, և առավոտյան մեր առջև բացվեց Միջերկրականի գեղեցկագույն ափերից մեկը։

Մաքրի անունով ծովածոցն էր իր անտառազարդ բլուրներով և թավշյա արոտատեղիներով։ Մեր շոգենավին անթել հեռագրով հրամայված էր դուրս բերել ծովածոցի տիղմում խորասուզված մի զորանավ։ Անմիջապես նավաստիները գործի դիմեցին այն աննման եռանդով, որ միայն ծովային մարդկանց է հատուկ։ Մարդու իրանի հաստությամբ պարանը փաթաթեցին ռազմանավի շուրջը, և մի ժամ չանցած մեքենայի զորությամբ նավը բարձրացավ ծովի երեսը մեր «ուռա»-ների ուղեկցությամբ։

Հասանք Ադալիա։ Առաջին անգամ երևացին Կոնիայի արաբներն իրենց դեղնագույն մետաքսյա չալմաներով ու ճերմակ բաճկոններով։ Ադալիան Անատոլիայի ծովային բանալին է։ Այն ժամանակ նրան ժամանակավոր գրավել էին իտալացիները։ Այստեղից նրանք օգնում էին թուրք զորքերին ու չեթաներին, մատակարարելով նրանց պարեն ու ռազմամթերք։

Եմ ինչ որ թուրքերն ստանում էին, տարածում էին Կոնյա, էնգարե, Սրվազ, մինչև էրգրում ու Կովկաս։ Այսպիսով, ուրեմն, քաղաքակիրթ Իտալիան մասնակցում էր ուղղակի Փոքր-Ասիայի ազգաբնակության բնաջնջման գործում։ Ի՞նչ էր Իտալիայի այդ երկդիմի քաղաքականության գաղտնի նպատակը։ Շահել մուսուլման աշխարհի համակրանքը՝ իր դիրքն Արևելքում ամրացնելու համար։