Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանդգնությամբ և նրանց պղնձյա բազուկները երբեք չեն հոգնում թիավարելուց։

Երբեմն կատաղած ծովը նրանց առջև բաց է անում մթին անդունդները, ուր կարծես, պիտի չքանան, բայց վայրկենական մի սուզում, և ահա նորեն ալիքների փրփրալի բաշերի վրա են։ Եվ լսում ես հեռվից անապատի մելամաղձոտ երգերն ու հիանում ես մարդ էակի տոկունությամբ՝ կյանքի պայքարում։

Հասանք Տրիպոլի, մնացինք մի քանի ժամ։ Եղանակը նորեն տաքացավ։

Գնում ենք Բեյրութ։

***

Երկու օր Լամիյեն հիվանդ էր, իսկ Նայիլեն ու Ֆայիզեն շատ սակավ էին երևում տախտակամածի վրա։

— Տիկին,— դարձա ես նրանց մորը, որը սալոնում շարունակ ծխում էր ու երազում,— կարո՞ղ եմ այցելել հիվանդին։

— Էվեթ, Էֆենդիմ,— ասաց նա, գլուխը դանդաղորեն շարժելով,— ինքս ուզում էի ձեզ խնդրել, որ մի փոքր հույրաբար զբաղեցնեք Լամիյեին։ Կաբինում նա շատ է ձանձրանում։

Ապա, դառնալով իր որդուն, պատվիրեց․

— Աբդուլլա՛հ, գնա Լամիյեին զգուշացրու, որ էֆենդին գալիս է իրեն տեսնելու։

Իջա վար։ Լամիյեն նստած էր անկողնի մեջ և Նայիլեի հետ սքամբիլ էր խաղում։ Նա ինձ ընդունեց մեղմ ու սիրալիր ժպիտն աշնանային արևի պես գունատ դեմքի վրա։ Նա արդեն ընտելացել էր իմ կատակներին և սիրում էր նրանց, ուստի ես ասացի․

— Օ՜օ , երես առած կոկետուհի, դուք գիտենալով, որ սիրում եմ ձեզ, վճռել եք ինձ պատժել ձեր կեղծ հիվանդությամբ։

— Բժիշկը պատվիրել է մի քանի օր դուրս չգալ կաբինից։ Նստեցեք, շատ ուրախ եմ ձեր գալուն։

Ես նստեցի նրա քովն ու սկսեցի իմ սովորական