Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատակներով զբաղեցնել նրան։ Նայիլեն ինձ պաշտպանեց իր առողջ քրքիջներով։ Ոչ մի խոսք, ոչ մի ակնարկ Լամիյեի վշտի մասին։ Գիտեի, որ նա անսահման գաղտնապահ է և կարող է վշտանալ, եթե գուշակե, որ ես գիտեմ իր սրտի գաղտնիքը։

Մի վայրկյան միայն կատակներս ընդմիջելով ասացի.

— Ա՛հ, լավ հիշեցի, ասացեք, Լամիյե, ի՞նչ էին նշանակում ձեր այն օրվա խոսքերը. «Մարդու կյանքում լինում են պահեր, երբ մահը թվում է գեղեցկագույնը գեղեցիկներից»։ Հանուն ալլահի ես ձեզ խնդրում եմ այսուհետև չարտասանել այդ տեսակ խոսքեր։ Երեխա՛, դուք դեռ կյանքի շեմքի վրա եք։

Լամիյեն նայեց աչքերիս խորունկ հայացքով և իր թույլ ու հոգնած ձայնով արտասանեց.

— Երբ կյանքի շեմքի վրա դեռ ոտք չդրած տեսնում ես նրա դեմքի այլանդակ ծամածռությունը, ի՞նչպես չզզվես ու երես չդարձնես նրանից։

— Բայց ես էլ եմ եղել քեզ պես երեխա, ես էլ իմ ծաղիկ հասակում տեսել եմ կյանքի ծամածռությունն երբ և շատ անգամ, բայց արհամարհել եմ։ Ես կոխկրտել եմ իմ ճամփի վրա բուսած օձերն ու կարիճները և հասել եմ այս տարիքիս, ճիշտ է, մի քիչ ջարդոտված, բայց ոչ հուսալքված։ Տեսնո՞ւմ եք, արևս արդեն թեքվել է դեպի իր մուտքը և դարձյալ ապրելու փափագը չի թուլացել իմ մեջ...

— Նախանձում եմ ձեզ, սակայն դուք տղամարդ եք, իսկ ես կին, բնությունը մեզ ստեղծել է տկար ու անզոր։

— Բայց նույն բնությունը ձեզ տվել է մի զորավոր զենք, որ մենք չունենք։

— Ո՞րն է այդ զենքը։

— Հեզությունը։

— Դուք ֆաթալի՞ստ եք։

— Եթե կամենաք այո։ Ես հավատում եմ ճակատագրի զորությանը։ Լամիյե, հեզությունը ավելի զորավոր է, քան ըմբոստությունը։ Հավատացեք, այն, ինչ որ այսօր ձեզ թվում է ողբալի ու հուսահատական, վաղը կարող է թվալ ծիծաղելի։

— Դուք կարծո՞ւմ եք։