Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տարածվեցին ջրի մեջ, բացվեց նրա ահռելի բերանը, և այնտեղ երևացին երկու ընկուզաչափ գնդիկներ։ Ութ թևերից յուրաքանչյուրի վրա կան երկու տասնյակ ծակեր, վարի կողմը իր զոհին բռնելիս նա իր թևերն արձակում է նրա վրա և հարյուրավոր ծակերով ծծում արյունը։

ՀՌՈՄՈԻՄ

Կուկի գրասենյակը հայտնեց, որ շոգենավը կուշանա երկու շաբաթով։ Որոշեցինք երթալ Հռոմ։

Հռոմը աշխարհի թագուհին է, միայն այրիացյալ թագուհին։ Փարիզի ոչ իր պատմական անցյալով և ոչ իսկ այժմյան շուքով չի կարող նսեմացնել Հռոմը, որի հնամաշ ծիրանին այնքան շքեղ է, որքան հին։

Տեսնել Հռոմը, կնշանակե տեսնել անցյալ քաղաքակրթության նկարը իր բոլոր վառ գույներով։ Այստեղ պատմական հնությունները այնքան պերճախոս են, որ մարդ երբեք չի հոգնում նրանց դիտելուց։ Ես մտադիր չեմ նկարագրել մի առ մի հնությունները, նրանք շատ անգամ են նկարագրված և շատ ավելի հեղինակավոր ձեռքերով։ Իմ տպավորությունը այս է, Հռոմը իբրև նոր քաղաք շատ բաներով ետ է մնացել ոչ միայն Փարիզից, այլև Եվրոպայի մյուս մայրաքաղաքներից։ Հնություններն են, որ դարձնում են նրան այնքան հրապուրիչ և այնքան գրավիչ։ Այդ տեսակետից աշխարհի վրա ոչ մի քաղաք չի կարող մրցել նրա հետ։ Միայն մի կոլիզեում արժե ամբողջ մի աշխարհ։ Ես ժամերով դիտում էի և սքանչանում ոչ նրա հսկայական մեծությամբ և բարձրությամբ, այլ նրա ճարտարապետական գեղեցկությամբ։ Զմայլելի է նրա ոճի պարզությունը և միևնույն ժամանակ խորությունը, իբրև արվեստի հոյակապ ստեղծագործություն։

Վատիկանը շատ մեծ է, շատ ընդարձակ և շատ հարուստ, որպեսզի հնարավոր լիներ երկու խոսքով գծագրել նրա տպավորությունը։ Օրեր են հարկավոր նրա յուրաքանչյուր մասը ուշադիր դիտելու համար։ Ես չունեի երկար ժամանակ իմ տրամադրության տակ, չէ՞ որ կարող էի շոգենավը փախցնել։