նորեն երևան գան ֆիգիասներ և պրաքսիթելներ, բայց անցյալը արվեստականորեն վերականգնելու հնարավորությունը չունի և ոչ մի ժամանակակից հանճար։
Նապոլիի թանգարանը ունի այն առավելությունը, որ շատ էլ ընդարձակ չէ։ Բայց նրա բոլոր իրերը գլուխ֊գործոց են։ Ահա թե ինչու դուրս ես գալիս թանգարանից ոչ հոգնած, ոչ ընկճված, այլ ոգևորված և հափշտակված։
Վաղուց լսել էի նապոլիի նշանավոր Ակվարիումի մասին։ Տեսա և կարող եմ ասել չհիասթափվեցի։ Փոքրիկ է նա, բայց լեցուն ծովային այնպիսի կենդանիներով, որոնց ես ոչ մի տեղ չէի տեսել։ Ահա մի ավազանի մեջ լողում են բազմաթիվ սև կենդանիներ ձիու նման և իրոք դրանք ծովային ձիեր են։ Ահա մի ուրիշ ավազանի մեջ ափսեի չափ մի մոխրագույն բան. դա էլեկտրական ձուկ է։ Ավազանը բաց է, և դու կարող ես մատդ դնել ձկան մեջքին գտնվող փոսիկի վրա և կզգաս ցնցում։ Ահա «մեդուզան», ավելի բարակ, քան ծխախոտի թուղթը և թափանցիկ, ինչպես ապակի։ Ահա ծաղիկների մի թուփ բազմաթիվ ճյուղերով, կարծում ես՝ բո՞ւյս է, ոչ, նա կենդանի է. բավական է մի բան շարժել և այդ վարդանման ծաղիկները իսկույն փախչում են դեպի իրենց բույները։
Ամենից հետաքրքրականն այն կենդանին է, որ կոչվում է «սպռուտ» կամ ֆրանսերեն «բիեովռը», եթե չեմ սխալվում դա այն կենդանին է, որին Վիկտոր Հյուգոն նկարագրել է իր «Ծովային աշխատավորներ» վեպում։ Չեմ կարող չնկարագրել այդ կենդանին, որովհետև նա մենակ է իր ավազանում և հզոր, իբրև մի միապետ։ Հանգիստ ժամանակ նա փոքր է, ոչ ավելի, քան մի միջակ սեխի չափ, նա կինեմոնագույն է և նման կոկոսի ընկույզի, նա թաքնված է ավազանի խորքում։
Մարգարիտը շարժեց իր թաշկինակը, մերձեցնելով նրան ապակիին։ Կենդանին դուրս եկավ թաքստից և ահա այդ ժամանակ երևաց, թե որքան ահռելի է նա, նրա ռետինի պես ճկուն ութ թևերը, որոնց երկայնությունը մոտ կես մետր է.